
Ամեն տարի՝ ամռանը, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կազմակերպվում է ամառային բակային ճամբար։ Այն այս տարի իր դռներն է բացել հուլիսի 1-ից։
Երկշաբաթյա ճամբարային ծրագիրը նախատեսված է 7-8 տարեկան երեխաների համար։ Ճամբարին մասնակցում են երեխաներ ոչ միայն Նինոծմինդայից, այլև մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։ Ամեն տարի ներգրավվում է շուրջ 40-60 երեխա, այս տարի մասնակցելու է 40 երեխա։
Ինչպես նշեց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, այստեղ երեխաները սովորում են աղոթել, երգել, պարել, սովորել Հայաստանի և Վրաստանի հիմները, իսկ ովքեր մկրտված չեն, նրանց էլ մկրտում են ծնողների թույլատվությամբ։
Տեր Արմաշ քահանա Պողոսյանը նաև նշեց, որ իրենց նպատակն է երեխաներին կտրել դրսից, սովորեցնել և փոխանցել նրանց ինչ-որ հետաքրքիր բաներ։
Արդեն 11-րդ տարին անընդմեջ այս բակային ճամբարի իրականացմանն աջակցում է «SOAR-Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Յակուբյանը, ում հովանավորությամբ ծրագիրը շարունակաբար ընդլայնվում է նոր բովանդակությամբ։
Այսօր ճամբարը դարձել է սպասված և սիրված վայր Նինոծմինդայի մանուկների համար՝ ամառային արձակուրդները լցնելով ուրախությամբ, իմացությամբ և ազգային-հոգևոր շնչով։