
Այսօր՝ հուլիսի 12-ին յուրահատուկ օր էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի և ամբողջ Ջավախքի մշակութային կյանքի համար։ Գանձայում հանդիսավորությամբ վերաբացվեց հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու և հասարակական–քաղաքական գործիչ Վահան Տերյանի արդեն հիմնանորոգված, վերաձևավորված ու նոր շունչ ստացած տուն-թանգարանի բացման արարողությունը։
Թանգարանի վերակառուցումը հնարավոր է դարձել Ջավախքի աջակցություն հիմնադրամ (ՋԱՀ) հովանու ներքո, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի և այն կամավորների ջանքերով, որոնց շնորհիվ Տերյանի հայրական օջախը վերածվել է կենդանի մշակութային կենտրոնի:
Հիմնադրամի ջանքերով, բարերարների և աջակիցների շնորհիվ հանգանակված գումարներով (շուրջ 162 000 դոլար) այս ժամանակահատվածում իրականացվել է դրենաժի, տանիքի վերականգման և ներքին շինարարական աշխատանքներ։
Բացման արարողությունը վերածվեց իսկական տոնակատարության։ Գանձայում օրը միավորեց Վրաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, մշակույթի և քաղաքական գործիչներին և հարյուրավոր հյուրերի:
Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, ՀՀ ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը՝ իրենց ելույթներում ընդգծելով այս միջոցառման կարևորությունը։ Նրանց խոսքով երկու երկրների նախարարների մասնակցությունը վկայում է Հայաստանի և Վրաստանի միջև եղած բարեկամության և համագործակցության խոր արմատների մասին։
Մեծ բանաստեղծի ծննդյան 140-ամյակին նվիրված օրը վերածվեց մշակութային փառատոնի։ Գանձա էին ժամանել նաև հայաստանյան նշանավոր գործիչներ և երգիչներ: Գանձայի բեմը հյուրընկալեց երգիչներ Արսեն Գրիգորյանին, Մավր Մկրտչյանին, Գուրգեն Դաբաղյանին և այլոց, ովքեր հանդիսատեսին պարգևեցին ոգեշնչող երաժշտական կատարումներ՝ համեմված Տերյանի պոեզիայով։
Տոնական համերգային ծրագրի ընթացքում գյուղը դարձավ մշակույթի և արվեստի բեմ, Տերյանը ոչ միայն հնչեց բեմից, այլ վերապրեց մարդկանց սրտերում՝ իր գաղափարներով, իր խոսքի գեղեցկությամբ և իր անսահման հայրենասիրությամբ։
Այս օրը ևս մեկ վկայություն դարձավ, որ Վահան Տերյանը ժամանակից դուրս մեծություն է, իսկ նրա տունը՝ ոչ միայն քարե կառույց, այլ հիշողություն, հուշ, ոգի։ Տերյանը կրկին կենդանացավ իր գյուղում՝ հյուրընկալելով ողջ հայության սերն ու հարգանքը։
Վահան Տերյան (իսկական անունը ՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ՝ նշանավոր հայ բանաստեղծ. Ծնվել է 1885 թ հունվարի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում ՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ , ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ: Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան:
1908թ, Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանիի 1915 թ. «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
Մանրամասները տեսանյութում․
Ֆոտոշարք․