
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբանը:
Տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։
Իսկ նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ երեխաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։