
«Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ:
«Երևանի ուրարտական ժառանգությունը» և ՀՀ Կոտայքի մարզի «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցվող 6-րդ և 7-րդ հայտերն են: Առաջին 4-ը գրանցվել են 1995 -ին. դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները, 5-րդը՝ 2024 թվականին՝ Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։
Լուսանկարը վերցված է համացանցից
Լուսանկարը վերցված է Armeniatoday.am կայքից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակակական է։