
Հուլիսի 12-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ «Փարվանա» պարային համույթի վերջին զանգի միջոցառումը։ Տոնական ու հուզիչ մթնոլորտում 20 սաներ իրենց բեմական ուղին ավարտեցին և հրաժեշտ տվեցին պարուսույցներ Լուսինե Մզիկյանին և Ֆիալա Բաբոյանին։
Ինչպես մեզ հայտնեց պարուսույց Լուսինե Մզիկյանը, հպարտությամբ և հուզմունքով է ճանապարհ դնում իր հերթական՝ 12-րդ սերնդին, որոնց արժանապատվորեն փոխանցում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթն ու ոգին։
«Մշակույթի ցանկացած մարդ պետք է ապրի մոտ 90 տարի՝ առաջին 30 տարին պետք է սովորի, երկրորդ 30 տարին պետք է սովորեցնի, իսկ երրորդ 30-ը պետք է տարածի այդ ամենը աշխարհով մեկ։ Փառք Աստծո այսօր ինձ բախտ է վիճակվել ապրել երկու 30 տարիները, սովորել եմ և սովորեցրել եմ։ Ճանապարհ եմ դնում աշակերտների, որոնց մեջ սերմանել եմ հայ մշակույթը, հայ կրոնը, հայեցի դաստիրակությունը և մեր հայկական «Մշո քոչարին» և զուռնա-դհոլը։ Վստահ եմ, որ այս ամենը մենք դեռ կտեսնենք նրանց մեջ»,-ասաց Լուսինե Մզիկյանը։
«8 տարի է, ինչ պարում եմ այս խմբում, ճիշտ է մի քիչ թախծալի է, բայց ուրախ եմ, որ պարել եմ և այսօր հեռանում եմ իմ հարազատ դպրոցից։ Իմ հարազատ, բարի այն բեմից՝ որտեղից սկիզբ են առել իմ առաջին պարարվեստի քայլերը»,-նշեց շրջանավարտ Թենգիզ Վարդապետյանը։
Միջոցառումը լի էր ջերմ և շնորհակալական խոսքերով, հուշերով, հայկական և վրացական ազգային պարերով։ «Փարվանա» համույթի վերջին զանգին ողջունելու էին եկել նաև իրենց մտերիմ ընկերները՝ Հայաստան Իսպիրյանի «Սայաթ-Նովա» երգչախմբի սաները, ովքեր հանդես եկան պարով և երգով։ Շրջանավարտները միջոցառման ավարտին մշակույթի կենտրոնի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով։
Տեսանյութ՝
Ֆոտո՝