
Նինոծմինդայում ընթացող ջրագծերի վերափոխման աշխատանքների հետևանքով մոտ 1 տարի է փողոցներում զգալիորեն ավելացել է փոշին, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես բնակիչների, այնպես էլ անցորդների շրջանում։
Քաղաքի բնակիչները նշում են, որ փոշին մեծ անհարմարություն է ստեղծում, հատկապես՝ ալերգիա ունեցող անձանց համար։ «Փոշին շատ է, դժվար է քայլել, շնչել, հատկապես երեխաների ու տարեցների համար։ Կարևոր է, որ քաղաքում վերականգնվեն նախկինում եղած ջրցան մեքենաները, որոնք ամեն առավոտ փողոցներն էին մաքրում։ Դա կօգներ նաև քաղաքի արտաքին տեսքը բարելավելու հարցում», – ասաց Նինոծմինդայի բնակիչներից մեկը։
Հարցվածներից մյուսը, ով վերջերս էր ժամանել Հայաստանից, ասաց․ «Մեծ ոգևորությամբ գալիս ենք մեր Նինոծմինդա, շատ ենք սիրում քաղաքը։ Սակայն երբ տեսնում ենք այս փոշոտ վիճակը, հիասթափվում ենք։ Կցանկանայինք, որ քաղաքում կրկին գործարկվեն ջրցան մեքենաները, և փողոցները պարբերաբար ջրվեն»։
Նինոծմինդայի փողոցներում հաճախ մեծ քանակով փոշի է կուտակվում, հատկապես ամռան ամիսներին։ Փոշին վնասում է մարդկանց առողջությանը՝ առաջացնելով հազ, խեղդոց, ալերգիա և շնչառական խնդիրներ, բացի այդ անհարմարություն է առաջացնում խանութների, բնակարաների և այլ օբյեկտների համար։
«Ես շատ կուզենայի, որ Նինոծմինդան ունենար ջրցան։ Դա մի փոքր բան է, բայց մեծ օգուտ կարող է բերել բոլորիս»,- ասաց մեկ այլ բնակչուհի։
Խնդրի առնչությամբ դիմեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ՝ Անդրանիկ Բդոյանին պարզելու, արդյոք քաղաքն ունի ռեսուրսներ փողոցները ջրելու կամ ջրցան մեքենաներ ձեռք բերելու համար։
Վերջինս նշեց․ «Ներկայումս նման հնարավորություն չունենք, քանի որ ջրցան մեքենաների ձեռքբերումը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ։ Սակայն մենք լիովին գիտակցում ենք խնդրի կարևորությունը և ձգտում ենք, որ հաջորդ տարի կարողանանք անհրաժեշտ ռեսուրսներ ապահովել և ձեռք բերել համապատասխան տեխնիկա»:
Համեմատության համար նշենք, որ ամառային շոգ օրերին հարևան Ախալքալաքի փողոցները պարբերաբար ջրվում են ջրցան մեքենայի միջոցով՝ քաղաքը փոշուց զերծ պահելու համար: