
Հուլիսի 13-ին NOR-ի լրագրողները բարձրացան Աբուլ լեռ՝ իր ընթերցողին ներկայացնելու ամբողջ գեղեցկությունը և տպավորությունները։ Հաղթահարելով բարդ ճանապարհը՝ առաջինը հանդիպում ենք մատուռի։
Աբուլի գագաթին գտնվող մատուռը
Մինչ գագաթից բացվող գեղեցկության մասին խոսելը, նշենք, որ մատուռի տարածքում հանդիպեցինք տհաճ տեսարանի՝ մեծ քանակությամբ աղբ, որը մնացել էր այցելուներից։
Մատուռից հետո շարունակեցինք մեր ուղին դեպի Աբուլի ամենաբարձր գագաթը, որի բարձրությունը 3301 մետր է։ Գագաթից բացվում էր տպավորիչ տեսարան։ Ամբողջ Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանները հստակ երևում էին վերևից, տեսանելի էին նաև Մադաթափա, Խանչալի և Տաբածղուրի լճերը, իսկ Փարվանա լիճը փայլում էր արևի շողերից։ Գագաթից նաև պարզ երևում էր Արագած լեռը և Կովկասյան լեռնաշխարհը։
Փարվանա լիճ և սպիտակ լիճ
Ախալքալաքի մունիցիպալիտետ
Լեռներում հատկապես աչքի էին ընկնում տարբեր վայրերում փռված ոչխարների հոտը։
Բարձր գագաթից շարժվեցինք հաջորդ երկու գագաթները, ճանապարհը պատված է գունավոր քարերով, որոնք փայլատակում են արևի շողերից։
Այնուհետև զմայլվելով լճերի գեղեցկությամբ՝ որոշեցինք իջնել հակառակ կողմից, որը բավականին թեք էր։ Մեծ դժվարությամբ իջնելով՝ ուղղություն վերցրինք դեպի լիճ։ Ամենայն հավանականությամբ մենք ընտրել էինք ամենադժվար ուղին։ Հանդիպած բնակիչները նույնպես հաստատեցին այս փաստը։
Գոդորեբի լիճ
Վարորդը, ով մեզ տարավ ստորոտ, հայտնեց, որ գագաթին կա նաև աղբյուր, սակայն մեզ չհաջողվեց այն հայտնաբերել։
Նշենք, որ Աբուլի շրջակայքում կան յոթ լճեր, որոնցից են Լևանան, Գոդորեբին, Պարզջուրը։ Մյուս լճերի անունները չկան քարտեզի վրա։ Այս լճերի ջրերն աչքի էին ընկնում իրենց մաքրությամբ։
Կապտականաչ լճերը փայլում էին արևի տակ՝ ստեղծելով անսահման գեղեցիկ տեսարան, որը յուրաքանչյուր անցորդի հանգստություն է պարգևում։ Տեղացիները փնտրում են հանգստի գոտի այլ վայրերում, սակայն հենց այս տարածքները հիանալի են, հատկապես լճերը՝ լողալու և հանգիստը անցկացնելու համար։ Շատ զբոսարջիկներ են այցելում, նույնիսկ գիշերում այստեղ։
Լճի ափին՝ մոտ 2 մետր հեռավորության վրա, ջրի մակարդակը ցածր է, իսկ հետո անհամեմատ խորը։ Զգալի էր նաև ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը։ Լճի որոշ հատվածներում ջուրը սառն էր, իսկ 2 մետրից հետո անսպասելիորեն տաք։ Կապտականաչավուն լճերի շրջակայքը զարդարում են գեղեցիկ ծաղիկները։
Պարզ ջուր լիճ՝
Աբուլը պարզապես սար չէ, այն ամբողջ մի հիասքանչ աշխարհ է՝ լցված հանգստությամբ ու գույներով։ Երբ կանգնում ես նրա գագաթին, թվում է ողջ երկիրը քեզ է պատկանում։ Անսահման դաշտեր, մշուշոտ լեռներ, արևի շողերից փայլող գունավոր քարեր։ Այս ամենը լեռը դարձնում են հոգու խաղաղության վայր:
Աբուլ լեռը հանգած հրաբուխ է։ Գտնվում է Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով։