
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում՝ կենտրոնական ճանապարհի եզրին, էլեկտրասյունը հենվել է հարակից բնակելի տան տանիքին։
Սյունն արդեն մի քանի օր է նկատելիորեն կորցրել է կայունությունը։ Հոսանքալարերը կախված են և մոտ տարածքում վտանգավոր իրավիճակ են ստեղծում՝ սպառնալով ինչպես տան բնակիչներին, այնպես էլ անցորդներին։
Գորելովկայի բնակիչը նշեց, որ սյունը ծռված է շուրջ 2-3 օր։ Նրանց խոսքով՝ վտանգ կա, որ լարերը կարող են վնասվել և առաջացնել հրդեհ, ինչն էլ կվտանգի ոչ միայն հարակից, այլ նաև հարևան տները։
Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք «Energo Pro Georgia» ընկերության Նինոծմինդայի գրասենյակ։ Ինչպես նշեցին գրասենյակից, այսօր ևեթ աշխատակիցները կայցելեն տեղանք։ Եթե սյունը գտնվում է իրենց պատասխանատվության ներքո, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ խնդիրը շուտափույթ վերացնելու համար։
NOR ռադիոկայանը կհետևի զարգացումներին