
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Շինաշխատանքներ են իրականացվում նաև Ղաուրմա գյուղում։
Ղաուրմայում գյուղամիջյան ճանապարհի հողային աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Տեղում կատարվել է հողային շերտի հարթեցում և ջրահեռացման համակարգերի տեղադրում։ Այս փուլից հետո նախատեսվում է սկսել ասֆալտապատման գործընթացը։
Ինչպես նշում է Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկը, լավ է, որ վերջապես կունենան ասֆալտապատ ճանապարհ, սակայն ավելի լավ կլիներ, եթե գյուղի բոլոր փողոցներն էլ ասֆալտապատվեին։ Դա կնպաստի ոչ միայն գյուղի արտաքին գեղեցիկ տեսքին ու մաքրությանը, այլև կբարելավի բնակիչների կյանքի որակը։
Մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատման մոտավոր արժեքը կազմում է 593,000 լարի, ներառյալ ԱԱՀ-ն:
2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 1 000 000 (միլիոն) լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 1 055 000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Աշխատանքների կատարման ժամկետը 12 (տասներկու) շաբաթ է։ Աշխատանքները 33.7% ֆինանսավորվում է պետական բյուջեից իսկ 66,3% տեղական:
Նշենք նաև, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա, Հեշտիա, Թորիա, Մեծ և Փոքր Արագյալ, Ղաուրմա, Ղուլալիս, Գանձա, Փոկա գյուղերում նախատեսված են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Որոշ գյուղերում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում՝ դեռ ընթացքի մեջ են։