
Վրաստանի գլխավոր դատախազությունը ներխուժել է «Mtavari Arkhi»-ի հեռուստաընկերություն և դրա կապալառու՝ «Սեյլս Հաուս» ընկերություն: Դատախազությունը պահանջել է ամբողջությամբ հեռացնել հեռուստաընկերությանը վերաբերող ֆինանսական փաստաթղթերը: Համապատասխան որոշումը հեռուստաընկերությանը և «Սեյլս Հաուս»-ին փոխանցվել է այսօր:
Հետաքննությունը սկսվել է «Mtavari Arkhi»-ի հիմնադիրներից մեկի՝ Զազա Օկուաշվիլիի կողմից նշանակված տնօրեն Գոգի Քուրդաձեի բողոքի հիման վրա, որը մեղադրում է ղեկավարությանը և հեռուստաալիքի համահիմնադիրներին ֆինանսական խախտումների մեջ:
«Ինչպես նշել էինք դեռևս անցյալ տարվա աշնանը, Զազա Օկուաշվիլին կեղծ և անհիմն մեղադրանքներ էր ներկայացնում հեռուստաալիքի ղեկավարության և համահիմնադիրների դեմ՝ այդպիսով ծառայելով ռուսական ռեժիմի շահերին:
Ցավոք, «Վրացական երազանքը» կարողացավ հասնել իր նպատակին և փակել երկրի գլխավոր քննադատական հեռուստաալիքը Զազա Օկուաշվիլիի միջոցով: Սակայն, կարծես թե, «Mtavari Arkhi»-ի վրա ճնշումները դրանով չեն ավարտվել, և ռեժիմը դեռևս փորձում է վրեժ լուծել ընկերության ղեկավարությունից և մյուս հիմնադիրներից՝ հիմնվելով Օկուաշվիլիի զրպարտության վրա»,- գրված է «Mtavari Arkhi»-ի հայտարարության մեջ։