
Մարտին Բաբոյանը ծնվել է 2005 թվականին Նինոծմինդայում, հաճախել է Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցը։ 2021 թվականին ուսումը շարունակել է Հայաստանի Շիրակի մարզում գտնվող Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում։
2023 թվականին ավարտելով ընծայարանը՝ սեպտեմբերին ընդունվում է Երուսաղմի ժառանգավորած վարժարան և ընծայարան։ 2025 թվականին Մարտինը ավարտում է Երուսաղեմի ժառանգավորած վարժարանը և ընծայարանը և ստանձնում է դպիրի պաշտոնը։ Իսկ այն հարցին, ուզում է արդյոք շարունակել ուսումը Երուսաղեմում, նա ասաց․
«Ուսումս շարունակելու եմ նույն հաստատության Աստվածաբանական ընծայարանում, որը տևելու է 3 տարի»։
Եկեղեցու հանդեպ ձեռք բերած սերը և հետքրքրությունը Մարտինի մոտ առաջացել է դեռևս 2018 թվականին․
«Առաջին անգամ Նինոծմինդայի Ս․ Սարգիս եկեղեցում խորան եմ բարձրացել, օգնել եմ քահանային և այդպես այդ ծառայությունը հավանել եմ և քահանայի ուղեցույցով գնացել եմ Թրբանճյան ընծայարան սովորելու»։
Մարտինը նաև ասում է, որ դեռ Հայաստանի ընծայարանում ուսումը չվերջացրած, միտք կար գնալու Երուսաղեմ և ուսանելու՝ շեշտելով այն, որ այնտեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի երկրային բնակավայրը և գերեզմանը։
«Երուսաղեմում ունենք հայկական սրբավայրեր, և մյուս եկեղեցիների հետ գրեթե բոլոր սրբավայրերում մենք ունենք մեր տարածքները, որոնք պաշտպանում ենք»,- հավելեց նա։
Մարտինը կիսվեց իր տպավորություններով, երբ առաջին անգամ ոտք է դրել Երուսաղեմ և այցելել Հարության տաճար։ Նա նշում է, որ դա անբացատրելի զգացում էր և ավելացնում, որ ինչքան էլ մուտք գործի այնտեղ, առաջին անգամվա նման տպավորություն չի ստանում։
Իսկ այն հարցին, թե ինչ տարբերություն կա մեր երկրի, բնակիչների ու Երուսաղեմի և այնտեղ ապրող ժողովրդի միջև, Մարտինը պատասխանեց, որ կա մեծ տարբերություն թե՛ ժողովրդի զարգացվածության մեջ, թե՛ մաքրության և առհասարակ մեծ տարբերություն կա տարբեր ոլորտներում։
Մեր այն հարցին, թե ինչպես են վերաբերվել ծնողները, հարազատները, որ ինքը ընտրել է հոգևորականի կյանքը, նա պատասխանեց․
«Ես չեմ ընդունում, որ մեկին սահմանափակում են, եթե մարդը մնում է մեկ տարածքում, նրա գիտակցականը չի զարգանում, թեկուզ կրթվելու առումով։ Դուրս գալով՝ շատ բան ենք տեսնում, զարգանում և կրթվում, իմ ծնողները միշտ իմ կողքին են եղել, միշտ աջակցել են, և ասել, որոշել ես, գնա, հասիր դու քո նպատակին»,- ասաց Մարտինը։