Նորաշենի խաղահրապարակի անմխիթար վիճակը

Նորաշենի խաղահրապարակի անմխիթար վիճակը

Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող մանկական խաղահրապարակը գտնվում է անբարեկարգ և անմխիթար վիճակում։

Տարածքում նկատվում են կոտրված խաղային ատրակցիոններ, նստարաններ և աղբամաններ, ինչի հետևանքով խաղահրապարակը գրեթե անպիտան է դարձել։

Նշենք նաև, որ Նորաշեն թաղամասի մանկական խաղահրապարակի տարածքում չի իրականացվել սիզամարգերի խոտհնձի աշխատանքներ։

Հավելենք, որ խաղահրապարակների բարեկարգում և նորոգում նախատեսված է կատարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետևյալ գյուղերում՝ Փոկա, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Մամզարա և Ջիգրաշեն։ Բարեկարգվող խաղահրպարակներն ու հատկացված բյուջեն՝

  • Փոկա – 61,000 լարի
  • Գորելովկա – 53,000 լարի
  • Օրլովկա – 21,500 լարի
  • Սամեբա – 43,000 լարի
  • Մամզարա – 33,500 լարի
  • Ջիգրաշեն – 28,000 լարի

Հարկ է նշել, որ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նախկինում մեզ տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ մանկական խաղահրապարակների, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար այս տարի կհայտարարվի մրցույթ և կայանալուն պես կսկսվեն վերանորոգման աշխատանքները։

Մրցույթի կայքէջում չկար համապատասխան տեղեկություն Նորաշեն թաղամասի բարեկարգման վերաբերյալ, այդ իսկ պատճառով դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Բդոյանին։

Արմեն Բդոյանը նշեց, որ դեռևս կան մի քանի նախապես նախատեսված ծրագրեր և ցանկանում են, որպեսզի դրանք ներառվեն մեկ միասնական մրցույթի շրջանակում։ Միայն այդ գործընթացից հետո կհայտարարվի մրցույթը։ Այս պահին պաշտոնապես հայտարարված մրցույթ չկա։

Շատ դեպքերում նկատվում է, որ հենց բնակիչներն իրենք են անբարեխիղճ վերաբերվում ընդհանուր օգտագործման գույքին, կոտրում և վնասում։