Գանձայի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Գանձայի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի մշակույթի տունը, որն հանդիսանում է տարբեր միջոցառումների անցկացման վայր, գտնվում է անմխիթար վիճակում։

Գանձայի մշակույթի տունը տարիներ շարունակ չի ենթարկվել հիմնանորոգման։ Շենքի դռներն ու պատուհանները կոտրված են, պատերի ծեփերը թափված, իսկ պատերին նկատվում են խոնավության ակնհայտ հետքեր։

Էլեկտրական լամպերը կախված են առաստաղից, ինչը ոչ միայն անբարեկարգ տեսք է հաղորդում, այլև վտանգ է ներկայացնում։ Շենքում առկա է նաև ջեռուցման խնդիր, ինչը հատկապես ձմեռային ամիսներին լուրջ անհարմարություններ է առաջացնում։ Այդ պատճառով աշակերտները հաճախ ստիպված են լինում արձակուրդի գնալ հենց ուսումնական տարվա ընթացքում։

Չնայած այս ամենին՝ վերջին 40 տարիների ընթացքում միայն դահլիճի նստարաններն են փոխարինվել նորերով և իրականացվել է կտուրի մասնակի վերանորոգում։ Սակայն այսօր կտուրն արդեն խնդրահարույց է։

Գանձայի մշակույթի տանը լավ վիճակում է գտնվում միայն դահլիճը եւ տեղադրված նոր նստարաները:

Անձրևային օրերին ջուրը ներթափանցում է շենքի ներքին հատված, ինչն էլ ամենայն հավանականությամբ հանդիսանում է պատերին և առաստաղին առկա խոնավության ակնհայտ հետքերի պատճառը։

«Մշակույթի տունը երկար տարիներ է, ինչ նման անմխիթար վիճակում է գտնվում։ Կարծում ենք, շատ լավ կլինի, եթե ուշադրություն դարձվեր այս խնդրին և վերանորոգման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն»,- նշեց Գանձա գյուղի բնակիչը։