Կասպից ծովը անհետանում է. ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի

Կասպից ծովը անհետանում է. ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի

Կասպից ծովի մակարդակը հասել է պատմության մեջ ամենացածր նիշին՝ Բալթիկ ծովի բարձրության համակարգի համաձայն՝ մինուս 29 մետրից ցածր։ Սա հատկապես ազդել է ծովի հյուսիսային մակերեսային հատվածի վրա, որը ողողում է Ղազախստանի և Ռուսաստանի ափերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ջրի մակարդակի իջեցման հիմնական պատճառը Վոլգայից ջրի հոսքի նվազումն է, որն ապահովում է Կասպից ծով գետային հոսքի 80%-ը։ 2020 թվականից ի վեր ծովի մակարդակն իջել է գրեթե 80 սմ-ով։ Վերջին տարիներին Վոլգայի տարեկան հոսքը նվազել է մինչև 210-232 խորանարդ կիլոմետր։ Սա միջին 250 խորանարդ կիլոմետրից ցածր է։ Բացի այդ, կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի բարձրացման պատճառով ջուրն ավելի արագ է գոլորշիանում, Կասպից ծովը սնուցող գետերն էլ ակտիվորեն օգտագործվում են ոռոգման, արդյունաբերության և բնակարանային-կոմունալ ծառայությունների համար։

Մասնագետները զգուշացնում են, որ ծովի մակարդակի անկումը սպառնում է էկոհամակարգին, հատկապես հյուսիսային մասում, որտեղ ծովի հատակի մեծ տարածքներ են բացվում։ Սա վնասում է ծովային օրգանիզմներին և կրճատում ջրային տարածքը։

Ռուսաստանի բնական պաշարների նախարարությունը ծրագիր է պատրաստում Կասպից ծովի ծանծաղման դեմ պայքարի համար։ Մասնագետները մշակում են միջոցառումներ՝ հետևանքները նվազագույնի հասցնելու և տնտեսական գործունեությունը փոփոխություններին հարմարեցնելու համար։ Ղազախստանը, որպես հինգ կասպյան պետություններից մեկը, նույնպես բախվում է այս խնդիրներին, և լուծումները պահանջում են համատեղ ջանքեր, նշել է լրատվականը։