Գոմարոն և Շոկան աղետից հետո

Գոմարոն և Շոկան աղետից հետո

Ջրհեղեղի ենթարկված տներ, վնասված մեքենաներ, ոչնչացված բերք և սատկած անասուններ։ Ադիգենի մունիցիպալիտետի Գոմարո և Շոկա գյուղերում աղետից տուժել է մինչև 15 ընտանիք։ Տեղացիները երկրորդ օրն է, ինչ փրկարարների հետ միասին պայքարում են ծանր աղետի դեմ։

Գոմարոյում սողանքների առաջացման հետևանքով մոտ 10 ընտանիքի տանող ճանապարհը դեռևս փակ է։ Փրկարարական խմբերն արդեն երկրորդ օրն է, ինչ աշխատում են տեղում։ Մոբիլիզացվել է նաև հատուկ տեխնիկա։

Այսօրվա դրությամբ մինչև հինգ տուն գործնականում անբնակելի է։ Տեղացիները հուլիսի 21-ին, գիշերել են հարազատների և հարևանների մոտ։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանը խոստացել է ժամանակավորապես վարձակալել բնակարաններ։

Շոկայում աղետից տուժել է չորս ընտանիք։ Տեղացիների տները վնասվել են, անասնագոմերը ոչնչացվել են, իսկ անասունները սատկել են։ Տեղացիների խոսքով՝ ուժեղ անձրևը արագ ջրհեղեղ է առաջացրել։

Ինչ վերաբերում է Գոմարո գյուղին, այստեղ նույնպես մի քանի տներ են ջրհեղեղի ենթարկվել, աղետը վնասել է վեց մեքենա, իսկ բերքը՝ ոչնչացվել։ Մոտ 10 տուն տանող ճանապարհը փակ է։

Սամցխե-Ջավախեթիի նահանգային ներկայացուցիչ Զաալ Գելաշվիլին, Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Կիմաձեի և քաղաքային խորհրդի նախագահ Շմագի Բիձիշվիլիի հետ միասին, ծանոթացել է Ադիգենիի աղետի գոտում տիրող իրավիճակին։ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային վարչակազմի տվյալներով՝ տեղում աշխատում են հատուկ տեխնիկա, բոլոր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ և անձնակազմ, որոնք արագորեն արձագանքում են բնակչության կարիքներին։

Աղետից տուժած ընտանիքները, որոնց տները վնասվել են, տարհանվել են անվտանգ վայր։ Քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վնասը գնահատելու համար։

Աղբյուր՝ sknews.ge