Անցած տարի կարտոֆիլը դուրս լցրին․ Ի՞նչ է սպասվում այս տարի․ բնակիչների կարծիքը

Անցած տարի կարտոֆիլը դուրս լցրին․ Ի՞նչ է սպասվում այս տարի․ բնակիչների կարծիքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլագործությունը մշտապես եղել է գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը։ Պարզելու համար, թե ըստ բնակիչների այս տարի բերքատվությունը ինչպիսին կլինի Նինոծմինդայի մունիցիպալիետետում՝ NOR ռադիոկայանի լրագրողները հուլիսի 23-ին անցկացրին հարցում։ Ընդհանուր առմամբ տեղացիները մեծ հույսեր են կապում այս տարվա բերքի հետ՝ ակնկալելով բարձր բերքատվություն:

Բազմաթիվ գյուղերում, մասնավորապես Ղաուրմայում, Օրոջալարում և Խոջաբեկում բնակիչները նշում են, որ եղանակային պայմանները համեմատաբար բարենպաստ են եղել ։ Նրանց կարծիքով, եթե առաջիկայում եղանակը չվատթարանա, բերքը կարող է գերազանցել անցյալ տարվա միջին ցուցանիշները։

Ինչպես նշում է բնակիչներից մեկը, այս տարի մեծամասնությունը ցանել են ավելի շատ գարի, ցորեն, քան թե կարտոֆիլ։ Այս տարի ցրտահարությունը որոշ չափով խնդիր հանդիսացավ կարտոֆիլի աճի համար։

«Ես ինքս 2 հեկտար կարտոֆիլ եմ ցանել։ Ցրտահարությունը որոշ չափով վնասեց՝ մոտ 10 սանտիմետր բարձրությամբ պալարները վնասվել էին։ Սակայն պարարտանյութեր օգտագործելուց և անձրևներից հետո դրանք վերականգնվեցին։ Հույս ունենք, որ բերքահավաքից հետո արդյունքը գոհացուցիչ կլինի։ Նախնական տվյալներով՝ կարտոֆիլի գինը կազմելու է շուրջ 60 թեթրի»,-ասում է բնակիչը։

Գարու արտ

Ծալկայի բնակիչներն էլ նշում են, որ այս տարի գյուղատնտեսական սեզոնը բարենպաստ է։ «Ամեն ինչ լավ է ընթանում, բերքը, հատկապես կարտոֆիլը, այս տարի նկատելիորեն լավն է»,-ասում են նրանք։

Խոջաբեկ թաղամասի բնակիչը նշում է. «Արդեն մի քանի տարի է կարտոֆիլի բերքը այնքան էլ կայուն չէ։ Տարի կա եղանակը խանգարում է, տարի էլ կա շուկայում գներն են անկայուն։ Առայժմ դժվար է գնահատել լավ կլինի, թե ոչ»։

Radio NOR · Կարտոֆիլագործություն

Ընդհանուր առմամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլագործությամբ զբաղվողները այս պահին դեռևս լավ ակնկալիքներ ունեն՝ սպասելով բերքահավաքի ավարտին, երբ իրական պատկերն ամբողջությամբ պարզ կդառնա։