
Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայում և շրջանի որոշ գյուղերում:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից, իսկ մասսայական խոտհունձը կմեկնարկի մոտ հուլիսի 25 -ից հետո:
Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, իսկ այսօր գյուղացիների աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով, իսկ փոքր տարածությունները ձեռքի խոտհնձիչով:
Այսօր՝ հուլիսի 23-ին Նինոծմինդայում անցկացվեց հարցում՝ պարզելու, թե սկսվել է արդյոք խոտհունձը, տարին որքանով է բարենպաստ, և որքան է խոտի նախնական գինը ըստ բնակիչների։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ տարին այս անգամ բարենպաստ է ինչպես խոտի, այնպես էլ կարտոֆիլի համար։ Սակայն ընդգծեցին նաև այն, որ կարևոր է, որպեսզի կարկուտ չտեղա, հակառակ դեպքում արդյունքները կարող են զգալիորեն վատթարանալ։
Ղաուրմա գյուղի մի բնակիչ ասաց.
«Խոտհունձը արդեն սկսել ենք, խոտը շատ լավ է։ Եթե կարկուտ չգա, գյուղացիները լավ արդյունք կունենան»։
Ծալկայից հարցված քաղաքացին նշեց, որ արդեն ավարտել է խոտհունձը.
«Այս տարի շատ լավ խոտ կար, տեղում 1 տուկը վաճառվում է 5 լարիով»։
Նինոծմինդայի մեկ այլ բնակիչ ասաց, որ ամեն ինչ կախված է տարածքից.
«Տեղեր կան, որտեղ շատ խոտ կա, բայց կան տեղեր էլ, որտեղ գրեթե չկա։ Անասնապահությամբ զբաղվող եմ, բայց մտածում եմ՝ անասունները վաճառեմ։ Այս պահին նախնական տուկի գինը 5-6 լարի է, բայց եթե խոտը քիչ լինի, գինը կարող է բարձրանալ»։
Մեկ այլ հարցված նշեց, որ Սամեբա-Ժդանովական հատվածում խոտը շատ քիչ է։
Ջիգրաշեն գյուղի բնակիչները տեղեկացրին, որ դեռ չեն սկսել խոտհունձը և այս պահին դժվարանում են որևէ գնահատական տալ։
Նինոծմինդայի մեկ այլ բնակիչ մտահոգություն հայտնեց եղանակային պայմանների հետ կապված.
Նինոծմինդայից մեկ այլ բնակիչ էլ ասաց,- «Դեռ չենք սկսել խոտհունձը, եղանակային պայմանները եթե այսպես շարունակվեն, շատ դժվար կլինի, քանի որ խոտը հնձելուց հետո անձրև է գալիս։ Անցած տարի գինը 8 լարիից հասել էր մինչև 12 լարի, իսկ այս տարի դեռ չգիտենք՝ ինչ արժեք կունենա, երևի 5 լարիից կսկսվի»։
Բնակիչներից ոմանք նշում են՝ պատրաստվում են վաճառել անասուններին, քանի որ ձեռնտու չէ անասնապահությամբ զբաղվելը։
Մանրամասները աուդիոնյութում․