
Վարսիկ Մաթևոսյանը ծնունդով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզից է, ավարտել է Նորատուսի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Գավառի պետական երաժշտական քոլեջում և մասնագիտացված է որպես վոկալիստ։ Ավարտել է նաև Գավառի պետական համալսարանի մանկավարժություն և մեթոդիկա բաժինը։
«Մինչ Ջավախք տեղափոխվելս, աշխատել եմ 6 տարի Նորատուսի արվեստի դպրոցում, որպես վոկալի ուսուցիչ։ Այնուհետև երբ տեղափոխվեցի Նինոծմինդա, ցանկություն առաջացավ իմ սեփական ստուդիան ունենալու»,- ասում է Վարսիկ Մաթևոսյանը։
Վարսիկ Մաթևոսյանը արդեն 3 ամիս է, որ Նինոծմինդայում բացել է «Ամի» վոկալ ստուդիան, որից մեկ ամիսը եղել է նախապատրաստական։ Ունի մեծ թվով աշակերտներ, ովքեր մասնակցել են տարբեր փառատոնների։ Ստուդիայում բացի վոկալային դասընթացներից, լինելու է նաև կիթառի դասընթացներ։
Իսկ այն հարցին, թե ինչ դժվարությունների միջով է անցել, վոկալի ուսուցչուհին պատասխանեց․
«Դժվարություններ այս ասպարեզում շատ-շատ են եղել, հենց առաջինը եղել է ընտանիքիս անդամների կողմից, ովքեր դեմ են եղել իմ այս ասպարեզ մուտք գործելուն։ Ինչպես բոլոր ծնողները, այդպես էլ իմ ծնողները, երազել են իմ բժիշկ կամ իրավաբան դառնալու մասին, սակայն, իմը միշտ եղել է երաժշտությունը»։
Մանրամասները տեսանյութում՝