«Եթե չպաշտպանես քո փոքր իրավունքը, կխախտվեն բոլորը»․ Անա Հարությունյան

«Եթե չպաշտպանես քո փոքր իրավունքը, կխախտվեն բոլորը»․ Անա Հարությունյան

27-ամյա Անա Հարությունյանը Ախալցիխեի Սխվիլիսի գյուղից է՝ մասնագիտությամբ իրավաբան։ Սովորել է Ախալցիխեի շրջանի Սխվիլիսիի հանրակրթական հայալեզու դպրոցում, որն ավարտել է 2016 թվականին։ Բակալավրիատի կրթությունն ստացել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ իրավաբանական բաժնում, որն ավարտել է 2021 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է Վրաստանի Ազգային համալսարանի մագիստրատուրայում և 2023 թվականին գերազանցությամբ ավարտել։

Բացի այդ, Անան մասնագիտական ուսուցում է ստացել Օպիզարի ուսումնարանում՝ մաքսային և գրասենյակային գործի ուղղությամբ։

Աշխատել է որպես գործավար, իրավաբան-թարգմանիչ, ինչպես նաև իրականացրել է խորհրդատվություն։ Արդեն շուրջ 10 տարի Անան նաև դասընթացավար է։ Դեռևս դպրոցական տարիքից հանդես է եկել որպես թրեյներ տարբեր ակումբներում՝ կազմակերպելով դասընթացներ իրավաբանական թեմաներով, ինչպես նաև գործնական ուղղություններով՝ գրել ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես պատրաստվել հարցազրույցի, խոսքի մշակույթ և այլն։

Անան ակտիվ մասնակցություն է ունեցել ավելի քան 40 կոնֆերանսների, ինտելեկտուալ խաղերի, էսսեների մրցույթների, բազմաթիվ անգամ դարձել է մրցանակակիր։

Ներկայումս նա դասընթացներ է անցկացնում և միաժամանակ աշխատում է իր մասնագիտությամբ՝ զբաղվելով թարգմանչությամբ և իրավաբանական խորհրդատվությամբ։ Արդեն մեկ տարի է, ինչ Անան աշխատում էս սահմանափակ պատասխանատվության ընկերությունում՝ որպես իրավաբան։

Իրավաբանի մասնագիտության ընտրությունը նա բացատրում է այսպես․
«Ես կարծում եմ, որ մասնագիտության ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն՝ առաջինը՝ որքանով է այն քեզ դուր գալիս, երկրորդը՝ որքանով է համապատասխանում քո արժեհամակարգին։ Իրավագիտությունը ինձ համար բարօրության և արդարադատության արվեստ է։ Որոշումս կայացրի դեռ դպրոցական տարիներին, երբ ընթերցում էի իրավաբանական թեմայով գրքեր։ Ինձ վրա մեծ ազդեցություն են թողել նաև այնպիսի գրքեր, ինչպիսիք են «13 պատճառը» և «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ», որոնք նպաստել են իմ գիտակցության ձևավորմանը։

Անան խոստովանում է, որ իր անձնական փորձառությունն էլ է մեծապես ազդել այս ընտրության վրա ասելով․
«Եղել են պահեր, երբ ես անգիտակցաբար խախտել եմ ուրիշի իրավունքները, կամ թույլ եմ տվել, որ խախտեն իմ իրավունքները։ Այդ փորձը խորապես ազդել է ինձ վրա և կրկին անգամ մղել իրավաբան դառնալու»։

Ուսանողական տարիների դժվարությունների մասին խոսելիս Անան նշում է, որ լեզվական խոչընդոտներ չի ունեցել՝ շնորհիվ իր մոր, ով վրացերենի ուսուցչուհի է։ Վաղ տարիքից ազատ է հաղորդակցվել վրացերենով, ուստի համալսարանական կրթությունը հեշտ է եղել իր համար։

Մյուս դժվարությունը, որ նշեց Անան, աշխատանքային շուկայի սահմանափակ հնարավորություններն են, քանի որ Վրաստանում աշխատատեղերը քիչ են եղել, բայց դա երբեք չի խանգարել Անային և նա միշտ գտել է հնարավորություն։

«Սակայն եղել է մեկ այլ խնդիր՝ որքանով է իրավաբանի մասնագիտությունը համապատասխանում աղջկան։ Սա հասարակության մեջ տարածված կարծրատիպ է»,– ասում է Անան։ Սակայն նա, չլինելով այդ կարծրատիպերի հետևորդ, ինքնուրույն է ընտրել իր մասնագիտությունը։

Նա առանձնահատուկ երախտագիտությամբ է հիշում Սամցխե-Ջավախեթիի համալսարանի դասախոսներին, որոնց ներդրումը կարևոր է համարում իր մասնագիտական աճի գործում։

Անան որոշ ժամանակ բնակվել է Հունգարիայում և Գերմանիայում, սակայն երբեք չի դադարեցրել իր մասնագիտական գործունեությունը։ Նույնիսկ արտերկրում անցկացրել է դասընթացներ։

Անան որպես իրավաբան խորհուրդ է տալիս հասարակությանը պաշտպանել իրավունքները և լինեն տեղեկացված։
«Եթե այսօր չպաշտպանես նույնիսկ փոքր իրավունքը, վաղը կարող են խախտվել բոլոր իրավունքներդ՝ ավելի խորը հետևանքներով։ Խորհուրդ եմ տալիս՝ մի լռեք, դիմեք իրավապահ մարմիններին, կարդացեք, իրազեկվեք։