
Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվում է իրականացնել անգլերենի ուսուցման նոր նախագիծ, որը նպատակ ունի զարգացնել աշակերտների անգլերենի լեզվական և մեթոդական հմտությունները։ Նախաձեռնությունը կրում է կրթական և համայնքային զարգացման բնույթ։
Մարիամ Քերֆայը՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի նախկին կամավորը և Լեյլա Եսոյանը՝ անգլերենի ուսուցչուհի Նինոծմինդայից կազմակերպում են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մեկշաբաթյա “Life Skills” ճամբար՝ Նինոծմինդայի և շրջակա համայնքների դպրոցներում սովորող 13-17 տարեկան երիտասարդների համար։ Մարիամ Քերֆայի միջազգային փորձն ու Լեյլա Եսոյանի տեղական գիտելիքները կխթանեն արդյունավետ փոխանակում և նորարարական մոտեցումների ներմուծում դասավանդման գործընթացում։
Ուսուցման ծրագիրը կմեկնարկի օգոստոսի վերջին՝ օրական մոտ 5 ժամ տևողությամբ, ճաշի հնարավորությամբ։ Ծրագրված է նաև խմբային այցելություն Ախալցիխեի American Space կամ Ախալքալաքի American Shelf կամ Վարձիա՝ կախված հասանելիությունից։
Ծրագրի նպատակն է խթանել անգլերենի ուսուցման մակարդակի բարձրացմանը Նինոծմինդայում, նպաստել մշակույթների փոխըմբռնմանը և աջակցել կրթության համաչափ զարգացմանը՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների շրջանակում։
Ինչպես NOR-ին հայտնում է Լեյլա Եսոյանը, նախագիծը կներառի ինտերակտիվ դասընթացներ, խաղային և խմբային ակտիվություններ, ինչպես նաև ուսուցիչների համար մասնագիտական զարգացման դասընթացներ՝ ուղղված ժամանակակից մեթոդաբանությունների և արհեստական բանականության կիրառմանը։
«Մարիամ Քերֆայը 2019–2020 թվականներին կամավոր է եղել ԱՄՆ Խաղաղության կորպուսում (Peace Corps), և այդ ժամանակահատվածում մի քանի կամավորներ համատեղ իրականացրել են ճամբարի նախագիծ, որը ներառում էր ոչ միայն Նինոծմինդայի բնակիչներին, այլև Ախալքալաքից և այլ տարածաշրջաններից երեխաներ, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Մենք Նինոծմինդայում կազմակերպեցինք տեղեկատվական ճամբար՝ նախատեսված նույն տարիքային խմբի երեխաների համար, իսկ հետագայում ամենաակտիվ և հետաքրքրված մասնակիցներին տարանք Թբիլիսի՝ խորացված ծրագրի համար։ Որոշ առումներով կարելի է ասել, որ այս նոր ծրագիրը այդ նախաձեռնության շարունակությունն է»,-նշում է Լեյլա Եսոյանը։