
Օտարերկրացիների մեծ հոսքը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է բնակարանների պահանջարկը Վրաստանում և բարձրացրել վարձավճարները։ Եթե նախկինում հնարավոր էր տուն վարձել համեմատաբար մատչելի գնով, ապա այժմ գները գրեթե կրկնապատկվել են։ Սա լուրջ խնդիր է հատկապես ուսանողների համար, որոնցից շատերը ստիպված են բնակվել խմբերով՝ 4-6 հոգով, որպեսզի նվազեցնեն ծախսերը։
Պարզելու համար, թե որքանով է բարդ ուսանող ունենալը և ինչ դժվարությունների են բախվում ուսանողները, NOR-ի լրագրողը զրույց է ունեցել ուսանողի ծնողի, ինչպես նաև ուսանողների հետ։
Ուսանողի ծնողը մեր հետ զրույցում նշում է, որ ներկայում ուսանող երեխա ունենալը դժվար է․
«Բացի նրանից, որ պիտի հոգանք ուսման վարձը, կա նաև կեցության, սննդի, ճանապարհածախսի խնդիր։ Բայց ամենակարևորը ուզում ես, որ երեխան ապահով լինի, հոգեպես լավ վիճակում լինի, չհիասթափվի։ Բայց եթե ուզում ենք, որ լավ ապագա ունենա, պետք է այդ ամենը հաղթահարենք»։
Իլիայի պետական համալսարանի ուսանողուհի Նինա Պապիկյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հատկապես օտարերկրացի ուսանողների համար վարձավճարների կտրուկ աճը դարձել է առաջնային խնդիր․
«Մի քանի տարի առաջ հնարավոր էր բնակարան վարձել 600-800 լարիով։ Բայց հիմա, եթե ուզում ես գոնե նորմալ պայմաններով տուն, պետք է 1200 լարի ունենաս։ Ամեն տարի, երբ Վրաստան են ժամանում օտարերկրացիներ, գները անմիջապես բարձրանում են»։
Նինան նաև նշում է, որ թեև Վրաստանում համալսարանական կրթության վարձավճարներն ընդհանուր առմամբ ավելի մատչելի են, քան օրինակ Հայաստանում, այդուհանդերձ որոշ ֆակուլտետներ կան, որ վրաց ազգի համար անվճար են իսկ հայերի համար վճարովի։
Երիտասարդը նաև NOR-ին հայտնում է, որ նա համատեղելով կրթությունը և աշխատանքը այդքան էլ հեշտ չէ, քանի որ ուսանողը կանգնում է ժամանակի պակասի խնդրի առաջ։ «Ես նույնպես աշխատում եմ, սովորում, և դրանից բացի պետք է ազատ ժամանակ ունենաս՝ սովորելու այն, ինչ տալիս են դասախոսությունները։ Հաջորդ դասին պատրաստ լինելու համար ժամանակ է պետք։»
Թեև դասերը հիմնականում անց են կացվում շաբաթական մեկ կամ երկու անգամ, Նինան ընդգծում է, որ սովորելու ծավալը մեծ է։ Պետք է ամեն ինչ հասցնես ուսումնասիրել, հայերեն թարգմանել ու վերլուծել։ Դասերի քանակը քիչ է, բայց պահանջները՝ բարձր», – ասում է Նինա Պապիկյանը։
Չնայած այս դժվարություններին՝ Նինան նշում է, որ աշխատելն ունի նաև դրական կողմեր։ Չնայած աշխատանքից ստացվող գումարը թեկուզ չնչին է, այն ուսանողի համար մեծ աջակցություն է։ Բացի ֆինանսական կողմից, աշխատելով զարգանում են բազմաթիվ կարևոր ունակություններ, որոնք համալսարանում սովորելիս հնարավոր չէ ամբողջությամբ ձեռք բերել՝ լինի դա թիմային աշխատանք, թե հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցություն։
Ընդգծենք, որ Նինա Պապիկյանը այս պահին ուսանում է Իլիայի պետական համալսարանում և միաժամանակ աշխատում է Credo Bank-ի Expat մասնաճյուղում։ Ինչ վերաբերում է առարկաներին, Նինան ուսումնասիրում է վրացերեն ֆիլոլոգիա և մաթեմատիկա, իսկ երրորդ առարկան դեռ չի որոշվել։
Նույն համալսարանի ուսանողուհի Ֆենյա Թազայանը՝ անգլերենի և վրացերենի ֆիլոլոգիայի ուսանող, խոսում է ուսանողության առաջ ծառացած այլ դժվարությունների մասին․
«Ուսանողները բախվում են ֆինանսական խնդիրների, ժամանակի պակասի, հոգեբանական ճնշման։ Շատերը սովորում են վճարովի կամ ապրում են տնից հեռու, ինչը բարդացնում է իրավիճակը։ Ապագայի անորոշությունը, մրցակցային միջավայրը, պատասխանատվության բեռը բերում են սթրեսի, դեպրեսիայի, երբեմն նաև մոտիվացիայի կորստի»։
«Ուսման ընդացքում աշխատելը թե դրական ազդեցություն ունի և թե բացասական։ Աշխատելով ուսանողը ունենում է ֆինանսական անկախություն, փորձ եվ ապագայում կարիերաի համար հիմք։ Բայց սա ուսանողի մոտ հանգեցնում է սահմանափակ ժամանակի, գերհոգնածության և հանգստի խիստ բացակայության»,-նշում է Ֆենյա Թազայանը։
Նշենք, որ Ֆենյա Թազայանը նույնպես Իլիա Ճավճավաձեի պետական համալսարանի արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի է։ Որպես գլխավոր մասնագիտություն ընտրել է Անգլերենի ֆիլոլոգիա և երկրորդ մասնագիտություն Վրաց լեզվի ֆիլոլոգիա: