
Մեծ Գոնդուրայի «Տաո» պարային խումբը երկու տարի է, ինչ ակտիվորեն գործում է և աչքի է ընկնում իր աշխատանքով ու հաջողություններով։ Խմբի հիմնադրման օրվանից այն ղեկավարում է փորձառու պարուսույց Վանո Բալախաշվիլին, ում ղեկավարությամբ խումբը կարողացել է կարճ ժամանակում ամուր դիրք զբաղեցնել Վրաստանի մշակութային աշխարհում։
Այս երկու տարվա ընթացքում «Տաո»-ն մասնակցել է Վրաստանի տարբեր տարածաշրջաններում կազմակերպված պարային փառատոնների և մրցույթների։ Նրանց ելույթները մշտապես արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և մրցութային ժյուրիի ուշադրությանը։
Խումբը շատ անգամներ գրավել է առաջին տեղ՝ ցուցադրելով ոչ միայն փայլուն ելույթ, այլ նաև ստեղծագործական յուրահատկություն ու ազգային մշակույթի նկատմամբ մեծ սեր։
Հարկ է նշել, որ հուլիսի 11-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի «Տաո» պարի խումբը, մասնակցեց Թբիլիսիում անցկացվող միջազգային հեռուստատեսային բարեգործական փառատոնին՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով՝ ակտիվ մասնակցության և ձեռք բերած արդյունքների համար։