
Հուլիսի 27-ին Ախալցիխեի պատմական սրտում՝ Ռաբաթ ամրոցում, տեղի ունեցավ պարի փառատոն, որը նվիրված էր Վարդավառի տոնին։ Միջոցառումն առանձնացավ իր տոնական և մշակութային շնչով՝ համախմբելով Ախալցիխեի մունիցիպալիտետի պարային խմբերը մեկ բեմի վրա։
Փառատոնի կազմակերպիչն էր Ախալցիխեի հոգևոր տեսչությունը, իսկ տեխնիկական ու գեղարվեստական մասի համակարգումը իրականացնում էր պարուսույց Հակոբ Սաֆարյանը։ Միջոցառման կայացմանը նպաստել էին նաև համայնքի բարերարները՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն։
Փառատոնին մասնակցեցին մունիցիպալիտետի գրեթե բոլոր պարային խմբերը՝ շուրջ տասը խումբ, ովքեր հանդիսատեսին ներկայացրեցին բազմազան և ինքնատիպ ազգագրական պարեր։
Բեմում հնչող հայկական ժողովրդական երաժշտության ներքո երիտասարդ պարողները փոխանցում էին Վարդավառի ուրախության ու ջերմության մթնոլորտը՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները։
NOR-ի հետ զրույցում Հակոբ Սաֆարյանը նշեց․ «Լիահույս ենք, որ այս փառատոնը կդառնա շարունակական, գալիք տարիներին ավելի կընդլայնվի՝ Ջավախք աշխարհով մեկ։ Հայաստանից հյուրեր կունենանք և մասնակցություն կունենան վրացական ավելի շատ խմբեր, իսկական ժողովրդական մեծ տոն կդառնա»։
Մանրամասները աուդիոնյութում
Փառատոնի մասնակից, ինչպես նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի Օրալ գյուղի «Նախնյանց կանչ» պարային համույթի պարուսույց Վլադ Նազարեթյանը NOR-ի հետ զրույցում նշեց, որ այս փառատոնը կարևոր էր այնքանով, որքանով որ համախմբեց Ախալցիխեի մունիցիպալիտետի թե՛ պարային խմբերին, թե՛ ընդհանուր ժողովրդին մեկ վայրում։
Մանրամասները աուդիոնյութում
Տեսանյութ
Ֆոտոշարք