
Օրեր առաջ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ևս մեկ անգամ հաստատեց, որ քննարկվում է Վրաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի կասեցման հարցը՝ երկրի ժողովրդավարական զարգացման գործում «լուրջ հետընթացի» պատճառով։ aliq.ge
Կալասի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստել է «միջոցառումների ցանկ»՝ ի պատասխան ցուցարարների, այդ թվում՝ երիտասարդների նկատմամբ կիրառված «անհամաչափ պատիժների»։ Կալասն ընդգծել է, որ սա վկայում է դատական համակարգում առկա խնդիրների մասին, որը, ըստ նրա, ռեպրեսիվ ապարատի մի մասն է։
Այս խնդրի շուրջ բազմաթիվ արձագանքներ են եղել վրաստանյան ինչպես փորձագիտական շրջանակի, այնպես էլ մի շարք քաղաքագետների և հասարակության այլ անդամների կողմից:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վրացական երազանք»-ն արդեն մերժել է ԵՄ առաջարկությունների կատարումը, ինչն ակնհայտ է նրանց գործողություններից, սեպտեմբերից վիզայի ազատականացման չեղարկման հարցը կլինի ԵՄ օրակարգում։
«Վիզայի ազատ ռեժիմն ունի կոնկրետ պահանջներ, և դա հստակ է: Այն պետությունը, որն ունի առանց վիզայի ռեժիմ, պարտավոր է հարգել մարդու հիմնարար իրավունքները. այս դեպքում կարծում եմ, որ սեպտեմբերից արդեն օրակարգում կլինի Վրաստանի համար ազատ վիզային ռեժիմի չեղարկումը, և համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետև այլ կերպ չի կարող լինել. Եվրոպական միությունը ավտորիտար երկրների հետ վիզային ազատականացում չունի և չի կարող ունենալ»,- ասում է Գիորգի Թումասյանը:
Վիզային ազատականացման չեղարկման հարցը լուրջ մարտահրավեր է որակել նաև «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն։
«Վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ն խնդրում է Վրաստանին իրականացնել օրենքի գերակայության, հավասարության և մի քանի պետական ինստիտուտների անկախ ու պատշաճ գործունեության հետ կապված հիմնական և ստանդարտ առաջարկությունները։ Այս առաջարկությունները հնարավոր են և հեշտ իրագործելի։ Սրա պատճառով «Վրացական երազանք»-ը կարիք չունի բախվելու իր իշխանությունը կիսելու կամ կորցնելու սպառնալիքին, նաև կարիք չունի հիմնարար բարեփոխումների»,- ֆեյսբուքյան էջում գրել է Միքելաձեն:
Չնայած սրան, Միքելաձեի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի ցանկությունն է լիովին ապաինստիտուցիոնալացնել Եվրամիության հետ կապերը և նպաստել քաղաքացիների նկատմամբ երկարաժամկետ վերահսկողությանը՝ զրկելով նրանց տնտեսական, սոցիալական և կրթական հնարավորություններից։
ԵՄ անդամ երկրները Վրաստանի խնդիրը քննարկելուց հետո «Վրացական երազանք»-ին մինչև օգոստոս ժամանակ են տվել ԵՄ-ի նախանշած մի շարք առաջարկություններ կատարելու պայմանով:
Ներկայացված առաջարկություններից են.
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, իր հերթին, պարզաբանել է, որ այդ պահանջների չկատարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վրաստանի կառավարությունը։
Դեսպանը նշել է, որ Եվրամիությունն արդեն որոշ չափով կասեցրել է Վրաստանի հետ անվիզա ռեժիմը, ինչը նշանակում է, որ դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերն այլևս չեն կարող ճանապարհորդել առանց վիզայի, բայց Եվրահանձնաժողովի պահանջները եթե չկատարվեն, սպասվում է, որ սեպտեմբերի 1-ից Վրաստանի քաղաքացիները նույնպես չեն կարողանա առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ անդամ երկրներ։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վիզայի ազատականացման կասեցման սպառնալիքը անվանել է «լիովին ամոթալի արարք»: Կոբախիձեն հավելել է նաև, որ Եմ երկրներ այցելելը վիզայով, թե առանց վիզայի՝ առանձնապես գոյաբանական հարց չէ:
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Թենգիզ Շարմանաշվիլին վիզային ազատականացման կասեցման սպառնալիքի մասին ասել է.
«Ավելի քան 60 երկիր վիզային ազատականացում ունի Եվրամիության հետ։ Նրանք չեն գտնվում այն ժողովրդավարության մակարդակում, ինչ Վրաստանն է։ Նրանք չեն գտնվում այն մակարդակում, որտեղ մենք ենք»։
Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, «Քաղաքացիական գաղափար» ՀԿ-ի նախագահ Թինա Խիդաշելիի խոսքով՝ վիզայի ազատականացումը կորցնելու դեպքում թեկնածուի կարգավիճակը կորցնելուց կմնա ընդամենը կես քայլ:
Նրա կարծիքով` իրականում Ասոցացման համաձայնագիրը, վիզային ռեժիմի ազատականացումը և ազատ առևտուրը կարևոր քայլեր էին Վրաստանի համար՝ Եվրամիությանը քաղաքականապես մոտենալու և անդամակցությանը նախապատրաստվելու համար։
«Եվրամիությանն անդամակցությունը մեր խնդիրն է, և մենք պետք է պայքարենք ու աշխատենք միայն այն բանի համար, ինչը մեզ օգնում է այս ճանապարհին, ինչը մեզ ավելի է մոտեցնում մեր նպատակին և գոյատևմանը»։
Առանց վիզայի ռեժիմը Վրաստանում
Նշենք, որ 2017 թվականի մարտի 28-ն առաջին օրն է եղել, երբ Վրաստանի քաղաքացիները Շենգենյան գոտու երկրներ այցելել են առանց վիզայի։ Այս կարևոր իրադարձությունը նշվել է 2017 թվականին «Վրացական երազանք»-ի կառավարության կողմից։ Վրաստանը պաշտոնապես դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր 2023 թվականի դեկտեմբերին:
Առանց վիզայի ռեժիմը տրամադրվում է երկրին մի շարք պայմանների կատարման դեպքում։ Դրանցից մեկը հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին, վիզային ռեժիմի վերացման մեխանիզմի մասին զեկույցում, Եվրահանձնաժողովը հստակ առաջարկություններ արեց Վրաստանի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված խնդիրները լուծելու վերաբերյալ։ Առաջարկությունները ներառում էին որոշակի օրենքների չեղյալ հայտարարում և որոշ օրենքներում փոփոխությունների կատարում՝ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար։ Մինչ այժմ «Վրացական երազանք»-ը ոչինչ չի ձեռնարկել այս ուղղությամբ։