ԵՄ-ն նախատեսում է մեղմացնել ինքնաթիռներում ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու սահմանափակումները

ԵՄ-ն նախատեսում է մեղմացնել ինքնաթիռներում ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու սահմանափակումները

Եվրամիությունը նախատեսում է մեղմացնել ինքնաթիռներում ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու խիստ սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Եվրահանձնաժողովի նոր ծրագրի համաձայն՝ եվրոպական օդանավակայաններում կտեղադրվեն ժամանակակից սկանավորման սարքավորումներ, որոնք թույլ կտան ստուգել 100 մլ-ից ավելի տարողությամբ տարաների պարունակությունը։

Նոր համակարգն արդեն գործում է մի քանի եվրոպական օդանավակայաններում և դրական արձագանք է ստացել փորձագետներից։ Եթե Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովում դրական որոշում կայացվի, սահմանափակումը կարող է վերացվել «ցանկացած օր»։

Այնուամենայնիվ, նրանք չեն բացառում գործընթացի հետաձգումը, քանի որ շատ օդանավակայաններ ֆինանսական հնարավորություններ չունեն թանկարժեք սարքավորումներ արագ տեղադրելու համար։

Հիշեցնենք, որ ձեռքի ուղեբեռով հեղուկներ տեղափոխելու սահմանափակումը մտցվել է 2006 թվականին՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ և Կանադա չվերթների վրա ահաբեկչական հարձակման փորձից հետո։ Մասնավորապես, ահաբեկիչները պլանավորել էին օգտագործել խմիչքների տեսքով քողարկված հեղուկ պայթուցիկներ՝ մի քանի ինքնաթիռ պայթեցնելու համար, ինչը կանխվել է բրիտանական ոստիկանության կողմից։

Այս սպառնալիքը ստիպել է Եվրոպայի, Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների պետական ավիացիոն գործակալություններին ընդունել խիստ կանոններ։ Մասնավորապես, գործող կանոնների համաձայն, ինքնաթիռում ձեռքի ուղեբեռում գտնվող բոլոր հեղուկները, որոնք, բացի խմիչքներից, ներառում են գելեր, աէրոզոլներ, լոսյոններ և նույնիսկ ատամի մածուկ, պետք է տեղադրվեն ոչ ավելի, քան 100 մլ տարայի մեջ և թափանցիկ տոպրակի մեջ: Բացի այդ, ուղևորի կողմից տեղափոխվող հեղուկների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի մեկ լիտրը: Բացառություններ թույլատրվում են միայն դեղամիջոցների և մանկական սննդի համար: