
Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում է գտնվում հրաբխային ծագում ունեցող Լևանա լիճը, որը տեղացիները շատ հաճախ անվանում են «Ծուռ գել»։ Լիճը ծովի մակարդակից բարձր է 2814 մետր։ Անցած տարիների համեմատ 2025-ին նկատվում է, որ ջուրը աղտոտված է, դա է վկայում ջրում տարածված ջրիմուռները և ջրի գույնը, եթե նախկինում այն պարզ էր, ապա հիմա պղտոր է։ Նշենք նաև, որ լճին հարակից տարածքներում ամռան ամիսներին վրաններ են տեղադրում եկվորները, որոնք իրենց հետ բերում են հազարավոր ոչխարներ, կովեր, ձիեր, և ավանակներ։ Ամռան սեզոնին եկվորները լճի ջրով ջրում են իրենց խոշոր և մանր եղջերավոր անասուններին, վերջիններս աղտոտում են լիճը։
Լճի մոտակայքում կա կառուցված մի փոքրիկ տնակ, որտեղ այցելուները կարող են կազմակերպել իրենց հանգիստը և գիշերել այնտեղ։
Լճի շրջակայքում կան բարձր սարեր, որոնք պատված են քարերով։ Օրվա ընթացքում արևածագից մինչև մայրամուտ ընկած ժամանակահատվածում լիճը իր գույնը փոխում է, երբեմն կապույտ է, երբեմն կապտականաչ։ Լճում կա նաև «Ալլա» ձկնատեսակը, հարակից գյուղերում ապրող բնակիչները հաճախ են այցելում և զբաղվում ձկնորսությամբ։
Լևանա լճի շրջակայքը հիացնում է իր յուրահատուկ երկրաբանական տեսարաններով։ Լճի մի հատվածի ափին կարելի է հանդիպել շերտավոր քարերի, որոնք հավանաբար հրաբխային ծագում ունեն, այս քարերը տարբերվում են իրենց տեսակով։