
Վրաց-ռուսական սահմանին գտնվող Կազբեգիի մաքսային անցակետը կրկին գործում է բնականոն ռեժիմով։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Միջազգային տրանսպորտային ընկերությունների կողմից ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսային անցակետով պետական սահմանը հատող անձանց նկատմամբ մաքսային վերահսկողությունը իրականացվում է սահուն և լիարժեք», – հայտնում է գերատեսչությունը։
Անցակետի գործունեությունը դադարեցվել է հուլիսի 31-ի երեկոյան՝ Դևդորակի կիրճում վաղ նախազգուշացման համակարգի գործարկումից հետո, որտեղ տեղադրվել են սենսորներ, որոնք գրանցում են ջրի մակարդակի բարձրացումը՝ սելավային հոսանքի հնարավոր նշան։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անցակետում գտնվող բոլոր անձնակազմը և քաղաքացիները տարհանվել են պահպանվող տարածք։
Դրանից կարճ ժամանակ առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին Վրաստանի սահմանից ոչ հեռու գտնվող Տիրնյաուզ քաղաքում (Կաբարդինո-Բալկարիա) գետը իջած հզոր սելավային հոսանքի մասին։ Վրաստանում զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։
Մասնագետների կարծիքով՝ Վրաստանի տարածքում հնարավոր սպառնալիքը վերացված է։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհների երթևեկությունը նույնպես վերականգնվել է առավոտից։ Այնտեղ որոշ հատվածներ ստիպված են եղել փակվել գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։