
Գոռ Ամիրխանյանը ծնվել և մեծացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում։ Մանկությունն ու դպրոցական տարիները անցկացրել է հայրենի գյուղում՝ սովորելով տեղի հանրային դպրոցում։
NOR-ի լրագրողի հետ զրույցում Գոռ Ամիրխանյանը հայտնում է, որ 2019 թվականին ավարտելով դպրոցը, նա ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Վեց տարվա դժվար ու հետևողական աշխատանքի արդյունքում Գոռը ստացել է գերազանցության դիպլոմ։
Թեև բժշկական կրթությունն ավարտել է, Գոռ Ամիրխանյանը դեռ չի ընտրել իր մասնագիտացման ճյուղը։ Նա հետաքրքրված է վիրաբուժությամբ և ապագայում ցանկանում է գործերը հանձնել այդ ուղղությամբ՝ սակայն ճշգրիտ բաժինը դեռ չի որոշել։
Գոռը սովորելու հետ մեկտեղ աշխատել է նաև Երևանի պետական համալսարանում որպես հոգեֆիզիոլոգ՝ փորձարկությունների ուղղությամբ։
Բժշկության ոլորտն ընտրելիս՝ երիտասարդը պատմում է, որ դեռ մանկուց, հաճախ այցելելով Գանձայի հիվանդանոց և ականատես լինելով բժիշկների աշխատանքին, ձևավորվել է իր հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ։ Այդ փորձառությունն էլ նրան մղել է կայացնելու որոշում՝ իր ապագան կապել բժշկության ոլորտի հետ։
Բացի բժշկությունից՝ Գոռի ծրագրերում է օտար լեզուների ուսումնասիրությունը։ Նա ցանկանում է ուսումը շարունակել Եվրոպայում՝ մասնագիտական հմտությունները միջազգային մակարդակի հասցնելու նպատակով։
Գոռ Ամիրխանյանն ընդգծում է, որ մասնագիտության ընտրության հարցում մեծ աջակցություն է ստացել հայրիկից։
«Ամենաշատ աջակցությունը ցուցաբերել է հայրիկս։ Նա միշտ ասում էր՝ եթե որոշել ես բժշկական ընդունվել, պետք է սովորես, այլապես իմաստ չունի գնալդ։ Մեր ընտանիքում միշտ հարգվել է իմ ընտրությունը։ Ծնողներս ասում էին՝ ինչ ուզում ես, այն էլ ընտրի, դա քո որոշումն է։ Բայց ես մեծ ուրախությամբ եմ ասում, որ ստացել եմ բժշկական կրթություն»,-պատմում է նա։
Սակայն ուսանողական կյանքը եղել է ոչ միայն հաղթանակներով, այլև հիասթափություններով լի։ Գոռի խոսքով՝ որոշ առարկաներ չափազանց բարդ են եղել ըմբռնման համար, հաճախ հոգնածություն է զգացել և երբեմն ցանկություն է ունեցել խուսափել այդ ամենից։
«Ես դպրոցն ավարտել եմ էքստերն կարգով՝ մի տարի շուտ՝ 11-րդ դասարանում։ Սկզբում մեզ ասացին, թե էքստերն քննություններ չեն անցկացվելու, ու ես մտածեցի՝ լավ, մի տարի էլ սովորեմ։ Բայց հետո, երբ բժշկականի ընդունելության քննություններին մնացել էր ընդամենը երկու ամիս, հայտնեցին, որ հնարավոր է հանձնել էքստեռնով։ Պատկերացրեք՝ ընդամենը երկու ամսում պիտի հասցնեի պատրաստվեի քննություններին։ Դա ինձ համար ամենադժվար փուլն էր։ Առավոտյան ժամը 9-ից սկսած պարապում էի, իսկ տուն էի վերադառնում երեկոյան ժամը 17։00-ին։ Իրապես շատ ծանր էր, բայց արժեր այդ ջանքերը»,- ասաց նա։
Այսօր Գոռը հետահայաց գնահատում է այդ ամենը ոչ թե որպես դժվարություն, այլ որպես փորձ, որը նրան ավելի ուժեղ և նպատակասլաց է դարձրել։
Մանրամասները տեսանյութում