Նախընտրական քարոզարշավը Վրաստանում. ինչ է պետք իմանալ

Նախընտրական քարոզարշավը Վրաստանում. ինչ է պետք իմանալ

Մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի ղեկավարի ընտրությունները (ՏԻՄ ընտրություններ) կանցկացվեն 2025 թվականի հոկտեմբերի 4-ին։

Վրաստանում արդեն սկսվել է կուսակցությունների նախընտրական քարոզարշավը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ին «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) դիտորդական հասարակական կազմակերպության (ՀԿ) իրավական հարցերով փորձագետ Գիորգի Մոնիավան հայտնեց, որ նախընտրական քարոզարշավն ունի հստակ ժամկետներ. փորձագետի խոսքով, պաշտոնապես քարոզարշավն սկսվում է ընտրությունների օրվանից 2 ամիս, այսինքն` 60 օր առաջ։

«Երբեմն կուսակցություններն ավելի վաղ են սկսում այս գործընթացը, և սա կոչվում է «ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ»։ Սա նորմալ է։ Կան դեպքեր, երբ ավելի վաղ են սկսում (քարոզարշավը — հեղ.) և չեն սպասում պաշտոնական հայտարարության», — նշեց Մոնիավան:

Ընտրարշավի/քարոզչության կանոններ

Նախընտրական քարոզարշավն ընտրական սուբյեկտի/ընտրության թեկնածուի` ընտրություններին մասնակցելու և հաղթելու նպատակով իրականացվող միջոցառումների ամբողջությունն է։ Նախընտրական քարոզարշավի կարևոր բաղադրիչներից մեկը նախընտրական քարոզչությունն է։

Վրաստանի օրենսդրության համաձայն, 60-օրյա նախընտրական քարոզարշավի ընթացքում օրենսդրությունը հատուկ արգելքներ կամ պարտավորություններ է սահմանում քարոզարշավին մասնակցող կուսակցությունների համար։ Ուժի մեջ են մնում նաև օրենքի արգելիչ պահանջները. օրինակ՝ ընտրողների վրա ճնշումը, սպառնալիքները, բռնությունը և այլն։

Օրենքը պահանջում է, որ ընտրարշավի բոլոր օրինական մասնակիցներն ունենան հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ։

Քաղաքական կուսակցություններ

Քաղաքական կուսակցություններն ունեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքներ և պարտականություններ, որոնք պետք է կատարվեն խիստ սահմանափակ ժամանակահատվածում։ Օրինակ՝ համապատասխան իրավունքներ ունեցող ընտրական սուբյեկտները պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն շրջանային ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածություններ։ Կուսակցությունները պետք է նաև նշված ժամկետներում դիմեն ԿԸՀ գրանցման համար, ներկայացնեն կուսակցական ցուցակ, նշանակեն ներկայացուցիչներ համապատասխան ընտրական հանձնաժողովւմ և այլն։

Տեղական ինքնակառավարում

Ընտրությունների ժամանակահատվածում տեղական ինքնակառավարման մարմինները հիմնականում պատասխանատու են ընտրական սուբյեկտների համար հավասար միջավայրի խթանման և շրջանային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների պատշաճ գործունեության ապահովման համար։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տարածքներ հատկացնեն ընտրական սուբյեկտներին՝ քարոզարշավային նյութեր ցուցադրելու համար, նաև շենքեր՝ քարոզարշավային հանդիպումների համար։ Սահմանված ժամկետում նրանք պետք է հրապարակեն այն շենքերի և վայրերի ցանկը, որտեղ արգելվում է քարոզչական նյութերի տեղադրումը, նաև այն վայրերի ցանկը, որտեղ կարող են տեղադրվել նման նյութեր։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելվում է

  • Վրաստանի քաղաքացիներին կանխիկ գումարի, նվերների և այլ նյութական արժեքների փոխանցում (անկախ դրանց արժեքից);
  • Ապրանքների վաճառք զեղչված գնով, ցանկացած ապրանքի (բացառությամբ քարոզչական նյութերի) անվճար տրամադրում;
  • Կանխիկ գումար, արժեթղթեր և այլ նյութական ակտիվներ փոխանցելու խոստում (անկախ դրանց արժեքից) և այլն։

Ում չի թույլատրվում մասնակցել ընտրարշավին (քարոզչությանը)

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մի շարք պետական պաշտոնյաների և բյուջետային հաստատությունների աշխատակիցների իրավունք չի տրվում մասնակցելու ընտրարշավին. օրինակ՝

  1. Ընտրական հանձնաժողովի անդամներին,
  2. դատավորներին,
  3. իրավապահ մարմինների ներկայացուցիչներին (պետական պաշտոնյաներին),
  4. գլխավոր աուդիտորին,
  5. հանրային պաշտպանին,
  6. օտարերկրյա քաղաքացիներին կամ կազմակերպություններին,
  7. բարեգործական և կրոնական կազմակերպություններին և այլն:

«Վրացական երազանք»-ից բացի, այս փուլում Տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունը հաստատել են «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։ Վրաստանյան հասարակությունը, փորձագետները և քաղաքագետները տարբեր կերպ են գնահատել ընդդիմադիր կուսակցությունների ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշումը:

Զուգահեռաբար, «Վրացական երազանք»-ն արդեն առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին. այս պաշտոնում երրորդ անգամ առաջադրվել է Կախա Կալաձեն: Այլ թեկնածուներ դեռևա չեն առաջադրվել:

Փորձագետների խոսքով՝ կուսակցությունների նախընտրական ուղերձներն ու քարոզարշավը այդքան էլ չեն համապատասխանում հասարակության պահանջներին: «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով՝ կան այլ ավելի կարևոր հանգամանքներ, որոնց պետք է ուշադրություն դարձվի։

«Շատ քիչ է խոսվում ժողովրդի կարիքների մասին, շեշտն ավելի շատ պետք է դրվի սոցիալական խնդիրների, գործազրկության, աղքատության հաղթահարման և ժողովրդավարական գործընթացների զարգացման վրա»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց Նանուաշվիլին:

Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միջազգային գրասենյակը (ԺՀՄԻԳ) «Վրացական երազանք»-ից ՏԻՄ ընտրությունները դիտարկելու հրավեր չի ստացել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների ընթացքին հետևող ամենաառանցքային միջազգային դիտորդական կազմակերպություններից մեկն է։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև դիտարկել է Վրաստանում նախորդ տարիներին անցկացված ընտրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի վերաբերյալ ներկայացրել է քննադատական ​​զեկույց։

Aliq.ge