
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել հօգուտ Վրաստանի քաղաքացիության տրամադրման ընթացակարգի խստացման: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Նախագահական վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին նշել է, որ սեպտեմբերի 1-ից փոխվել են բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մոտեցումները:
«Ներկայումս, երբ Վրաստանի քաղաքացիությունն առանձնակի պահանջված է դառնում, անհրաժեշտ է մեծ զգուշություն ցուցաբերել, նաև կատարելագործել մոտեցումները քաղաքացիություն տրամադրելու հետ կապված, համապատասխանաբար, Վրաստանի նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից բացառության կարգով քաղաքացիություն տրամադրելու մոտեցումներն ավելի են կատարելագործվում»,- ասել է Աբաշիշվիլին:
Նա նաև հայտնել է, որ երկրի ղեկավարի հանձնարարությամբ վարչակազմը սկսում է քաղաքացիություն տրամադրելու գործընթացի փոփոխության մասին խորհրդակցություններ վարել Արդարադատության նախարարության և Պետական անվտանգության ծառայության հետ:
«Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ Վրաստանի անձնագիր ստանալ կարելի է ծննդյան իրավունքով կամ երկրի նախագահի հրամանով: Կա երկրորդ տարբերակի 4 տեսակ՝ քաղաքացիության տրամադրում սովորական ճանապարհով, քաղաքացիության տրամադրում պարզեցված ճանապարհով, քաղաքացիության տրամադրում բացառության կարգով, քաղաքացիության տրամադրում դրա վերականգնման ճանապարհով: