Մամզարայից Վահան Մանասյանի պատմությունը

Մամզարայից Վահան Մանասյանի պատմությունը

Վահան Մանասյանը ծնվել է 2004 թվականին Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում` մանկավարժների ընտանիքում: Կրթության հանդեպ սերը նրան փոխանցել են տատիկը, պապիկը և ծնողները: «Նրանց նվիրումն ինձ միշտ ոգեշնչել է»,-ասում է Վահանը։

Սովորելով Մամզարայի միջնակարգ դպրոցում՝ Վահանը ավարտել է այն 2022 թվականին։ Դրանից հետո մասնակցել է էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված 4+1 ծրագրին՝ հնարավորություն ստանալով խորացնել վրացերենի իմացությունը և ծանոթանալ վրաց մշակույթին։

Չնայած 2022-ին նրան չի հաջողվել ընդունվել ԲՈւՀ անվճար հիմունքներով, բայց նա չի ընկճվել: «Որոշեցի մեկ տարի ևս մնալ Թբիլիսիում, բարելավել լեզվի իմացությունս։ Դա շրջադարձային որոշում էր։ 2023-ին բարձր միավորներով ընդունվեցի Թբիլիսիի պետական համալսարանի ծրագրավորման բաժին՝ անվճար հիմունքներով։ Այժմ արդեն ավարտել եմ առաջին կուրսը և տեղափոխվել երկրորդ կուրս»,-պատմում է Վահանը։

Դեռ դպրոցական տարիներից Վահանը ակտիվ մասնակցել է տարբեր ճամբարների և ուսուցողական ծրագրերի՝ Անակլիայում, Քութաիսիում, Բակուրիանիում և Ծղնեթիում։ Այս փորձառությունները նպաստել են ոչ միայն լեզվական առաջընթացին, այլև հաղորդակցական և սոցիալական հմտությունների զարգացմանը։

Վահանի խոսքով՝ կյանքի դժվարությունները երբեք չեն դարձել խոչընդոտ։ Հակառակը՝ դրանք վերածել է աճի հնարավորության։ «Այդ մեկ տարվա ընթացքում այնքան զարգացա, որքան գուցե ամբողջ դպրոցական կյանքում չէի զարգացել: Այդ մեկ տարվա ընթացքում ես մեծ զարգացում ապրեցի թե՛ անձնական, թե՛ գիտելիքների, թե՛ սոցիալական և հաղորդակցման հմտությունների առումով։ Մասնավորապես՝ ես սովորեցի ապրել ինքնուրույն, հարմարվել նոր միջավայրի, մարդկանց, մշակույթի։ Սա օգնեց ինձ դառնալ ավելի կազմակերպված, պատասխանատու ու հոգեբանորեն հասուն»։

Այս պահին Վահանը աշխատում է խանութում՝ որպես վաճառող և ունի բավական մեծ փորձ այդ աշխատանքում։ Նա նշում է, որ ուսումը և աշխատանքը համատեղելը սկզբում հեշտ չի եղել, բայց ժամանակի ընթացքում սովորել է ճիշտ կազմակերպել օրը և սահմանել առաջնահերթություններ։ Սովորել է կազմել օրվա պլան, որոշել՝ երբ է դասերն անում, երբ է աշխատում, երբ է հանգստանում։ Նրա խոսքով՝ եթե դպրոցում սովորում են հիմնականում տեսականորեն, ապա այս ընթացքում կյանքն իրեն սովորեցրեց՝ ինչպես հաղթահարել նոր ու անծանոթ իրավիճակներ, ինչպես լուծել խնդիրներ առանց ծնողների օգնության և ինչպես լինել անկախ մարդ՝ պատրաստ մեծ կյանքի։

«Երբ պարտաճանաչ ես լինում ու ունես մոտիվացիա՝ երկու ոլորտն էլ կարելի է համատեղել առանց լուրջ դժվարության։ Հակառակը՝ աշխատանքը նաև օգնում է ինձ ավելի հասուն նայել ուսմանը՝ ավելի շատ գնահատելով այն։ Մինչ այժմ ոչ մի ոլորտ չի տուժել, քանի որ գիտակցում եմ՝ երկուսն էլ ներդրում են իմ ապագայի մեջ։ Սովորելով համալսարանում՝ զարգացրի նաև տեխնոլոգիական և վերլուծական մտածողություն՝ ծրագրավորման, մաթեմատիկայի ու խնդիրների լուծման միջոցով։ Բայց ամենակարևորը՝ ձեռք բերեցի ինքնավստահություն։ Սկսեցի գնահատել սեփական ուժերս, սովորեցի ներկայացնել ինձ, մասնակցել թիմային աշխատանքներին, չվախենալ սխալվելուց ու ստանալ փորձ»։

Վահանը վերջերս մասնակցել է նաև մրցութային քննությանը՝ Evolution միջազգային տեխնոլոգիական ընկերություն աշխատանքի ընդունվելու նպատակով։ «Երբ ես տեղեկացա այս կազմակերպության մասին, ինձ շատ հետաքրքրեց այն փաստը, որ սա ոչ թե պարզապես խաղային, այլ բարձր մակարդակի տեխնոլոգիական միջավայր է, որտեղ կարևորվում է պրոֆեսիոնալիզմը, թիմային աշխատանքը, կարգապահությունը, արտաքին տեսքը, լեզվական և հաղորդակցման հմտությունները։ Որոշեցի մասնակցել ծրագրին, քանի որ այն տալիս է հնարավորություն զարգանալու՝ թե՛ անձնապես, թե՜ մասնագիտական առումով»,-նշում է Վահանը։

Նրա հիմնական նպատակը՝ մասնագիտական առաջընթացն է ծրագրավորման ոլորտում։ Վահանը նշում է, որ ծրագրավորումը միավորում է իր ամենասիրելի զբաղմունքները՝ մաթեմատիկան, տեխնոլոգիաները և տրամաբանական մտածողությունը։

«Սիրում եմ այն պահը, երբ ստեղծում եմ մի բան, որը կարող է օգուտ տալ մարդկանց»,-ասում է նա։

Վահանը ապագան պատկերացնում է տեխնոլոգիապես զարգացած երկրում՝ ԱՄՆ-ում։ Արդեն կապ է հաստատել ամերիկաբնակ հայ ծրագրավորողների հետ, որոնց աջակցությունն ու խորհուրդները ոգեշնչում են իրեն։

«Չեմ ցանկանում կոնկրետ կանխատեսումներ անել, բայց վստահ եմ՝ հաջողությունը սկսվում է աշխատասիրությունից ու հավատից։ Ամեն ինչ մեր ձեռքերում է»,-հավելում է նա։

Բացի ուսումից ու աշխատանքից, Վահանը սիրում է սպորտ՝ լող և ֆիթնես, նաև զբաղվում է ստեղծագործությամբ և երգում է։ Նրա ընտանիքը շարունակում է մնալ աջակցող ուժ՝ հատկապես բարդ պահերին։ Սակայն երիտասարդը այժմ ձգտում է առավել ինքնուրույն լուծել իր խնդիրները և կայանալ որպես անհատ։

«Հպարտանում եմ իմ ընտանիքով։ Նրանց արժեքներն ինձ ներշնչել են՝ սիրել աշխատանքը, մարդկանց և արդարությունը»։

Երիտասարդներին Վահանը հորդորում է լինել ինքնաբավ, հետևել սեփական սրտին ու չապրել ուրիշների կարծիքներով. «Ցավոք, մեր շրջանում դեռ շատ են բամբասանքն ու նախանձը, բայց ես հավատում եմ, որ օր օրի կարող ենք ձևավորել մի հասարակություն, որտեղ գերիշխում է բարին, փոխադարձ հարգանքն ու առաջընթացը»,-եզրափակում է նա։