
Վերջին ժամանակներս Նինոծմինդայի կենտրոնական այգում նկատվում են ինչպես լուսավորության, այնպես էլ մաքրության հետ կապված խնդիրներ։ Այգու բազմաթիվ լապտերներ արդեն տևական ժամանակ է դադարել են աշխատել, ինչի հետևանքով երեկոյան ժամերին տարածքը մնում է մթության մեջ:
Բացի այդ, այգու նստարանների մոտ գետնին արևածաղկի կեղևներ էին լցված, ինչը այգում հաճախ կարելի է հանդիպել։ Այսօր այգում կոմունալ ծառայության կողմից տարվում էր սիզամարգի մաքրման աշխատանքներ։
Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի խոսքերով կոմունալ ծառայությունը պարբերաբար իրականացնում է մաքրման աշխատանքներ, սակայն բնակիչների անտարբեր պահվածքը կրկին հանգեցնում է տարածքի կեղտոտվելուն։
Ինչ վերաբերվում է լուսավորության վերանորոգման աշխատանքներին, անցած տարի դրանք իրականացվել են քաղաքապետարանի կողմից և հնարավոր է, որ այս տարի ևս նախաձեռնությունն իրականացվի նրանց կողմից։
Հարցին, թե արդյոք նախատեսվում է այգում ապահովության համար տեսահսկման տեսախցիկների տեղադրում, Բդոյանը պատասխանեց, որ դա կոմունալ ծառայության իրավասության մեջ չի մտնում։
Ամռանը Նինոծմինդան միշտ մարդաշատ է լինում՝ գալիս են հյուրեր, զբոսաշրջիկներ։ Սակայն աղետալիորեն քիչ են այն վայրերը, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել, զբոսնել կամ պարզապես հանգստանալ։ Իսկ եղածները անխնամ են, զուրկ տարրական հարմարություններից։