Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ առանց նրա։ Իրականում, մենք վստահ ենք, որ ռազմավարական առումով Ռուսաստանը նույնպես դեմ է այս միջանցքին», – ասել է նա Tasnim գործակալությանը տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են թուլացնել Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնելով, նշել է Վելայաթին:

Խամենեիի խորհրդականը նաև ասել է, որ Ադրբեջանը կարող է օգտագործել Իրանի տարածքը Նախիջևանի հետ կապ հաստատելու համար՝ սահմանները փոխելու փոխարեն: