Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Time ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ այլևս չի դիտարկում նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու հնարավորությունը։

«Ոչ, ես հիմա այլևս չեմ նախատեսում, այլևս չեմ նախատեսում», — պատասխանել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ Լուկաշենկոն նշել է, որ «մի փոքր երկար է մնացել իշխանության»՝ ղեկավարության փոփոխությունը նախապատրաստելու համար։ Նրա խոսքով՝ նոր սերունդը վերջապես իշխանության է գալու, սակայն «անհրաժեշտ է դիտարկել և եզրակացություն անել, թե ինչի է ունակ մեր երիտասարդությունը»։

Նա նաև ընդգծել է, որ Բելառուսի ներկայիս իշխանությունները «սիրում են իրենց երկիրը, ցանկանում են պահպանել իրենց երկիրը արդեն ոչ այնքան իրենց, որքան իրենց երեխաների համար»։

Լուկաշենկոն ասել է նաև, որ չի տեսնում իր կրտսեր որդի Նիկոլային երկրի խոշոր քաղաքական գործիչների շարքում և խնդրել է նրան չանվանել իր հետնորդ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ, նա ժառանգ չէ։ Ես այդպես էլ գիտեի, որ դու ուզում ես այդ մասին հարցնել։ Ոչ, ոչ։ Դու նրան հարցրու, կարող ես նրան շատ ուժեղ վիրավորել դրանով»,–ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ Նիկոլայը «որոշ չափով ընդդիմադիր է», թեև աջակցում է իր գործունեությանը, «հասկանում է, ամեն ինչում կողմնորոշվում է»։

Այս տարվա հունվարի 27-ին Լուկաշենկոն կրկին հաղթանակ է տարել Բելառուսի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 86.82 տոկոսը։ 70-ամյա քաղաքական գործիչը Բելառուսի առաջին և առայժմ միակ նախագահն է, ով այս պաշտոնը զբաղեցնում է անընդմեջ 1994 թվականի հուլիսի 20-ից։ Իր ղեկավարության ընթացքում նա մասնակցել է 1994, 2001, 2006, 2010, 2015, 2020 և 2025 թվականների նախագահական ընտրություններին։