Գանձայից մինչև միջազգային ճանաչում․ Նանե Ղազարյանի հաջողության ուղին

Գանձայից մինչև միջազգային ճանաչում․ Նանե Ղազարյանի հաջողության ուղին

Նանե Վաղինակի Ղազարյանը ծնվել է 1981 թվականին Գանձայում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1999 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նկարչության և գծագրության ֆակուլտետը։ 2004 թվականին, աշխատելու ընթացքում, ստացել է նկարչության և գծագրության ուսուցչի որակավորում։

Վերադառնալով հայրենի գյուղ՝ Նանեն վեց տարի դասավանդել է Վահան Տերյանի և Շոթա Ռուսթավելու անվան դպրոցներում։ Այդ տարիներին նա ոչ միայն ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսների, այլև կազմակերպել իր սաների աշխատանքների ցուցադրություններ։ 2003 թվականին մասնակցել է Մինաս Ավետիսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթին և արժանացել առաջին կարգի դիպլոմի։

2005 թվականին Նանեն սովորել է դաջվածք և տատուաժ Թբիլիսիում՝ «HAMA» տատու սրահում, իսկ հաջորդ տարի Բաթումիում անցել է դիմահարդարման մասնագիտական ուսուցում՝ մասնակցելով Atelier Course Christina Regini դասընթացին։

Երևան տեղափոխվելուց հետո հիմնել է «ՆԱՆԵ» գեղեցկության սրահը, որտեղ առաջարկում էր դիմահարդարման, դաջվածքի և այլ ծառայություններ։ 2014 թվականից Նանեն իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Երևանի առաջատար «Մո-Նա» գեղեցկության սրահում, որտեղ աշխատում է մինչ օրս։

Նա մասնակցել է ավելի քան 100 սեմինարների և բարձրակարգ մաստեր-կլասների, այդ թվում՝ պերմանենտ դիմահարդարման ոլորտում թրեյներական դասընթացների։ Մասնագիտական ճանապարհին արժանացել է բազմաթիվ գավաթների և դիպլոմների՝ հանրապետական և միջազգային մրցույթներում։

2024 թվականին, որպես ոլորտում ճանաչված մասնագետ, Նանե Ղազարյանը հրավիրվել է Բաթումիում անցկացվող Tinel & Prestige աշխարհի առաջնությանը՝ որպես ժյուրիի անդամ։ Նրա փորձառությունը և հմտությունները նրան դարձնում են պահանջված խոսնակ և մարզիչ, ով պարբերաբար հրավիրվում է ելույթ ունենալու տարբեր միջազգային միջոցառումների և կոնֆերանսների, այդ թվում՝

  • WULOP 2024 (Երևան և Բաթումի)
  • World PMU Conference Participation 2023 (Վրաստան)
  • Luxe Fest Yerevan – Speaker Show 2024
  • OMC Armenia – Participation 2025
  • Etalon Mix Conference – Event 2025։

Նանե Ղազարյանը նաև հեղինակ է սեփական «միկրոբլեյդինգ» տեխնիկայի, որն ապահովում է մաշկի մինիմալ վնասվածք և իրականացվում է ընդամենը 20 րոպեում։ Այս նորարար մոտեցումը ծնվել է նրա գեղանկարչական տաղանդի և տեխնիկական հմտությունների համադրությունից։

Նանե Ղազարյանը հայտնում է, որ ծրագրել է ակադեմիա հիմնել՝ հատկապես Ջավախքում։ Նանեի խոսքով Գանձան և ընդհանրապես Ջավախքը իր կյանքի անբաժան մասն են։ Այստեղ են նրա արմատները, ընտանիքը ու մանկության ամենաթանկ հիշողությունները։

Նանեն անկեղծանում է, որ միշտ երազել է մասնագիտական փորձն ու գիտելիքը բերել հայրենի հող, որպեսզի տեղում զարգանա գեղեցկության և պերմանենտ դաջվածքի մշակույթը։ Հենց այս պահին էլ մտածում է, թե ինչպես կարող է այստեղ կազմակերպել թրեյնինգներ, և ապագայում՝ նույնիսկ մասնաճյուղ բացել Ջավախքում։ «Դա ինձ համար կլինի ոչ միայն մասնագիտական, այլև հոգևոր վերադարձ»,-ասում է Նանեն։

Նրա ստեղծագործական հայացքն ու արվեստի հանդեպ սերը ներդաշնակորեն արտացոլվում են թե՛ իր աշխատանքներում, թե՛ մատուցվող ծառայությունների որակում։ Նանեն ունի 27 տարվա հարուստ փորձ, ճանաչում է վայելում ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում և ունի բազմաթիվ աշակերտներ տարբեր երկրներից, ովքեր շարունակաբար կատարելագործվում են նրա ղեկավարությամբ՝ տարածելով նրա գիտելիքն ու ոճը։