
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովն այս տարի տեղի ունեցավ օգոստոսի 5-ից 7-ը Երևան քաղաքի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգու տարածքում։ Համաժողովը հնարավորություն տվեց մեկ հարթակում համախմբել Սփյուռքի և Հայաստանի երիտասարդներին՝ նոր առաջարկների, խորհուրդների, խնդիրների և մարտահրավերների վերհանման և դրանց լուծումներ տալու նպատակով:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական, համաժողովի համակազմակերպիչ և պատասխանատու Արամ Ոսկանյանը նշեց, որ այս տարի համաժողովը համախմբեց 800 մասնակցի, որոնցից 600-ը Սփյուռքի տարբեր համայնքներից էին, 200-ը՝ Հայաստանից:
Համաժողովը մեկնարկեց խորհրդանշական բարեգործական վազքարշավով, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել հայկական IMAST և reArmenia սոցիալական հարթակներին, որոնք միավորում են գաղափարները, ռեսուրսներն ու ջանքերը՝ կյանքի կոչելու նշանակալի նախագծեր և աջակցելու կարիքավորներին։ Վազքարշավի վերջում մասնակիցները ստացան սիմվոլիկ մեդալներ։
Ազգային երիտասարդական համաժողովին մասնակցում էր նաև Ջավախքի ակտիվ երիտասարդ Արևիկ Բալասանյանը, ով մեզ հետ զրույցում նշեց. «Ծրագիրը հրաշալի հնարավորություն էր աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներին ճանաչելու, նրանց հետ կապեր հաստատելու համար։ Համաժողովի շրջանակներում հայկական ինքնությանը առընչվող տարաբնույթ թեմաների քննարկումը, մեր մշակույթին՝ ազգային պարերին, արհեստների ծանոթանալը ևս մեկ անգամ հուշում է այն մասին, որ մեր ինքնությունը պահպանելը առաջնային նպատակներից պետք է լինի։ Եվ կապ չունի, թե աշխարհի որ ծայրում կլինենք, կարևորը հայ մնանք»։