
Իրաքը բախվել է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մուտքի նվազման ֆոնին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Մահդի Դամադը։
Նրա խոսքով՝ 2019 թվականին ջրային պաշարները առատ տեղումների պատճառով հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի, սակայն ներկայումս հարևան երկրներից, մասնավորապես՝ Իրանից և Թուրքիայից, ջրի ներհոսքը չափազանց աննշան է, իսկ տեղումների քանակը մնում է շատ ցածր։
«Մարզերին խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում», – ասել է պաշտոնյան։
Նախարարության խորհրդականը շեշտել է, որ Իրաքը պետք է ստեղծի կոմպետենտ բանակցային թիմ՝ հարևան երկրների հետ բանակցություններ վարելու և երկրի համար ջրային պաշարների ամբողջական ծավալ ապահովելու համար։
Իրաքի իշխանությունները ներկա ճգնաժամը բացատրում են ոչ միայն կլիմայական փոփոխություններով, այլև Թուրքիայի և Իրանի կողմից Տիգրիս և Եփրատ գետերի վրա ամբարտակների կառուցմամբ, որոնք կենսական դեր են խաղում երկրի բնակչության ջրամատակարարման հարցում։ Իրաքի ջրային ռեսուրսների նախարար Աուն Դիաբը նախազգուշացրել է ջրի սուր պակասի պատճառով բերքի աճեցումը հնարավոր դադարեցնելու մասին։
Աղբյուրը՝ armlur.am