
Արաքսյա Ղարսլյանը ծնվել է 1977 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղում՝ արվեստասերների ընտանիքում։ Մանկությունից նա շրջապատված է եղել մշակութային և ստեղծագործական մթնոլորտով։ Նրա հայրը Արտյուշ Ղարսլյանը, երկար տարիներ աշխատել է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում որպես Ժողովրդական թատրոնի դերասան և հանդես եկել բազմաթիվ ներկայացումներում։ Նաև այդտեղից է ձևավորվել Արաքսյաի աշխարհայացքն ու ապագա մասնագիտական ընտրությունը։
Տարիներ անց, տեղափոխվելով Ռուսաստան, Արաքսյան շարունակեց իր մասնագիտական ուղին։ Նա հիմնել է մի քանի պարային խումբ՝ նախ Տվեր քաղաքում, ապա նաև Մոսկվայում, նպաստելով հայկական և համաշխարհային պարային մշակույթի տարածմանը։ Նրա գործունեությունը միավորում է տարբեր ազգերի ու սերունդների մարդկանց՝ արվեստի և շարժման լեզվով։
Պարային գործունեությունը Արաքսյա Ղարսլյանը սկսել է 2007 թվականին Տվեր քաղաքում՝ հիմնելով «Կռունկ» անունով համույթը, որը 2018 թվականին վերանվանվեց «Արաքս» պարային համույթ։ Այսօր խմբում սովորում է մոտ 100 աշակերտ։ Նրանց ծրագրերում ընդգրկված են ազգագրական, ժողովրդական և ժամանակակից պարեր։ Համույթը մշտապես համագործակցում է Մոսկվայի հայտնի երգիչների հետ՝ համատեղ ելույթներով հարստացնելով մշակութային կյանքը։
«Պարը մարմնի լեզուն է, մտքի թռիչքը և հոգու արտահայտությունը։ Եթե մարդ սիրում է պարը, նա սիրում է ամեն գեղեցիկը, իսկ վատում փնտրում է լավը։ Արվեստասեր մարդը չի կարող լինել վատը։ Պարը իմ կյանքում ունի մեծ դեր և նշանակություն։ Ես պարը կապում եմ նաև գրականության և լեզվի հետ․ առանց մեկը մյուսի չեմ պատկերացնում օտար երկրում։ Այս ամենը շատ կարևոր է երեխաներին հայեցի դաստիարակելու համար»,-նշում է Արաքսյան։
Արաքսյան 1994-95 թվականներին աշխատել է Նինոծմինդայում։ Այդ ընթացքում նա հանդես է եկել «Ջավախք» պարային խմբում, ինչպես նաև ղեկավարել է երկու սեփական պարային խումբ։
Մանրամասները տեսանյութում