Արարատի մարզում դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Արարատի մարզում դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Օգոստոսի 10-ին, խոշոր չափի ձմերուկի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին է դիմել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա  Ջանիկ Բ․-ն և հայտնել, որ Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող դաշտից գողացել են մեծ քանակի ձմերուկ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վեդիի բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում Ջանիկ Բ․-ն հայտնել է, որ գողությունը կատարվել է օգոստոսի 8-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 9-ի 16։00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա «Ֆիլիպ» տեսակի ձմերուկ՝ իրեն պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։

Հանցագործի կամ հանցագործների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։