
Օգոստոսի 11-ին Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեկնարկեց «Ջավախք» ամառային ճամբարը։ Ինչպես NOR-ի հետ զրույցում պատմեց ջոկատավար Արենի Փանոսյանը, ճամբարը գործում է 2012 թվականից՝ ՀՕՄ-ի նախաձեռնությամբ։
6-օրյա ճամբարը ներառում է նաև սնունդ։ Ծրագրի շրջանակներում երեխաները կսովորեն հայերեն երգեր և կխաղան տարբեր խաղեր։ Մասնակիցները բաժանվել են երեք ջոկատի՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։
Արդեն 13 տարի ԱՄՆ-ի և տարբեր այլ երկրների կամավորականներ այցելում են Ջավախք՝ կազմակերպելու ճամբարներ չորս վայրերում՝ Նինոծմինդայում, Ախալքալաքում, Ախալցիխեում և Ծալկայում՝ Դարագյուղում։ Այս տարի ճամբարի մասնակիցների թիվը հասնում է մոտ 110-ի։
«Դասընթացները շատ լավ են ընթանում։ Մենք սիրով ենք աշխատում երեխաների հետ։ Մեր ծրագրերը հիմնականում հայագիտությանն են միտված։ Խոսում ենք հայոց պատմական դինաստիաների մասին, անդրադառնում ենք տեսարժան վայրերին և բնությանը, ինչպես նաև ամեն օր քննարկում ենք տարբեր թեմաներ, պարում ենք ազգագրական երգեր և պարեր։ Ամեն տարի ճամբարի ավարտին միջոցառում ենք կազմակերպում, որտեղ երեխաները ներկայացնում են, թե ինչ են սովորել այս 6 օրվա ընթացքում»,-նշեց Արենի Փանոսյանը։
Մանրամասները աուդիոնյութում.
Կազմակերպիչները վստահ են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն գիտելիքներ են փոխանցում, այլև ամրապնդում են սփյուռքի և Ջավախքի միջև կապերը։
Հարկ է նշել, որ առաջին տարին ճամբարը անցկացվեց միայն Ախալքալաքում և Ախալցիխեում, և հետո, այն անկացվեց նաև Նինոծմինդայում և Ծալկայում: Ճամբարը իր շուրջն է հավաքում երեխաների և յուրատեսակ կապ է հաստատում Սփյուռքի և Ջավախքի բնակիչների միջև: “Ջավախք” ճամբարը հանդիսանում է Հայ օգնության միության (ՀՕՄ) ծրագրերից, որը կազմակերպել է ՀՕՄ-ի վրաստանյան մասնաճյուղը:
Տեսանյութ
Ընդգծենք, որ 1910թ․ հիմնադրված Հայ օգնության միությունը անկախ, միջազգային, բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է հայերի և այլ ազգերի մարդասիրական, սոցիալական և կրթական կարիքներով: ՀՕՄ-ը գործում է 27 երկրում` աջակցություն ցուցաբերելով տեղական ու միջազգային համայնքներին: