
Սննդի ազգային գործակալությունը հայտնել է, որ տարեկան վերցնում են առնվազն 400 մրգերի և բանջարեղենի նմուշ՝ տարբեր պարամետրերի ստուգման համար։
Օրենսդրության և միջազգային պրակտիկայի համաձայն՝ նմուշներ վերցնելիս պետք է պահպանվեն սահմանված կանոնները։
Ըոտ Սննդի ազգային գործակալության` իրենք հիմնվում են միայն միջազգային (ISO) ստանդարտով հավատարմագրված լաբորատորիայում համապատասխան մեթոդաբանությամբ անցկացված հետազոտությունների արդյունքների վրա, հետևաբար, կասկածելի սարքերի միջոցով նիտրատների կամ այլ պարամետրերի չափումը հուսալի չի և նպատակ ունի սպառողին մոլորեցնելու։
«Գործակալությունը շարունակում է սեզոնային մրգերի, բանջարեղենի և հատապտուղների (դեղձ, ձմերուկ, սեխ, կաղամբ, ճակնդեղ, լոլիկ, խնձոր) նմուշների ստուգման աշխատանքը։ Հուլիսին գործակալության տեսուչները երկրի մանրածախ առևտրի մի շարք կետերից վերցրել են 84 նմուշ՝ տարբեր պարամետրերի (նիտրատներ, թունաքիմիկատներ, ռադիոնուկլիդներ) ստուգման համար և ուղարկել հավատարմագրված լաբորատորիա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գործակալության` լաբորատոր հետազոտությունների համաձայն, ձմերուկի, սեխի, խնձորի, դեղձի և լոլիկի նմուշներում բոլոր ցուցանիշները համապատասխանել են սահմանված նորմային, սակայն նիտրատների չափազանց մեծ քանակություն է հայտնաբերվել կաղամբի և ճակնդեղի 4 նմուշում (կաղամբի 2 նմուշ և ճակնդեղի 2 նմուշ)։
Գործակալության հսկողության ներքո նշված սնունդն արդեն հանվել է վաճառքի ցանցից։