
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։
«Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին միանալ մինչև 2030 թվականը։ Գլխավորն այն է, որ այդ ընթացքում ԵՄ-ում գործընթացները զարգանան այլ ուղղությամբ», – լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ այս փուլում ԵՄ-ում միտումները մտահոգիչ են ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսության տեսանկյունից։
«Ցավոք, բոլոր ուղղություններով բացասական արձագանք կա։ Մենք հույս ունենք, որ մինչև 2030 թվականը, երբ մենք պատրաստ լինենք միանալ ԵՄ-ին, այնտեղ այս միտումները կփոխվեն, և ԵՄ-ում ժողովրդավարական համակարգը կբարելավվի։ Մարդու իրավունքները ավելի լավ կպաշտպանվեն, և տնտեսությունը կամրապնդվի», – հավելել է նա։