Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին միասին են դիմավորել Հին նոր տարին: Նրանք երկուսն էլ կեսգիշերին գտնվել են Վրաստանի պատրիարքարանում՝ արժանանալով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Բ-ի հանդիսավոր ընդունելությանը:
Ինչպես հաղորդում է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը, Վրաց պատրիարքությունում հյուրերի շարքում են եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դանիթ Ուսուպաշվիլին, ինչպես նաեւ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ը, ով Թբիլիսի է ժամանել հունվարի 10-ին՝ Համայն վրաց պատրիարք Իլյա Բ-ի 80-ամյակի եւ նրա կաթողիկոսության 35-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար:
Հին նոր տարին նշելու ավանդույթը կապված է Հուլյան եւ Գրիգորյան օրացույցների հետ: Վրաց եկեղեցին շարունակում է բոլոր եկեղեցական տոները նշել Հուլյան օրացույցի համաձայն, թեեւ Վրաստանում գործում է նոր՝ Գրիգորյան տոմարը:NEWS.am