Նինոծմինդայի «Սայաթ-Նովա» երգչախմբի հերթական ձեռքբերումը

Նինոծմինդայի «Սայաթ-Նովա» երգչախմբի հերթական ձեռքբերումը

Օգոստոսի 17-ին Նինոծմինդայի «Սայաթ-Նովա» երգի համույթը մասնակցել է Քոբուլեթիում անցկացված «Ես Վրաստանն եմ» փառատոնին։

Ելույթ են ունեցել համույթի 11 աշակերտ։ Նրանցից 5-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ, իսկ մյուս 3-ը՝ երրորդ տեղը։

Փառատոնը համախմբել է տարբեր տարածաշրջաններից ժամանած խմբերի, որոնք ներկայացրել են ազգային երգարվեստի բազմազանությունը։ Փառատոնին են մասնակցել նաև Շուշանիկ Լուլուկյանի պարային համույթը և Աշուղ Ալիքի երգչախումբը։ Բացի այդ, Իրանից ժամանած մասնակիցները հանդիսատեսին ներկայացրել են ազգային երգեր և պարեր։

Երգուսույց Հայաստան Իսպիրյանի խոսքով՝ երգչախմբում կային սաներ, որոնք առաջին անգամ էին բեմ բարձրանում։ «Սկզբում երեխաները վախենում էին թե՛ բեմից, թե՛ խոսափողից, բայց վերջում ամեն ինչ հաջող անցավ։ Կարևոր է ոչնչից չվախենալ», – ասաց նա։

Radio NOR · Հայաստան Իսպիրյան

Համույթը արժանացել է մեդալների և պատվոգրերի՝ ակտիվ մասնակցության և ձեռք բերած հաջողությունների համար։

NOR-ի հետ զրույցում Հայաստան Իսպիրյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել Քոբուլեթիում ելույթ ունենալը։ Նրա խոսքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են։ Երեխաները մոտիվացվում են, ձեռք բերում նոր ընկերներ ու շրջապատ։

«Եթե արվեստի հետ կապ ունես, պետք է համագործակցես շատերի հետ և սովորես նոր հմտություններ։ Ամենակարևորն է բեմի վրա չկաշկանդվել։ Երբ փառատոններն ու ելույթները շատ են, երեխաները կորցնում են այդ վախը։ Շնորհակալություն եմ հայտնում իմ սաներին, նրանց ծնողներին և մեր հասարակությանը, որ մշտապես մեզ հետ են։ Հատուկ շնորհակալություն Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանին՝ աջակցության համար», – նշեց Իսպիրյանը։

Առաջիկայում համույթը նախատեսում է մասնակցել փառատոնների նաև Թբիլիսիում, Երևանում և Մոսկվայում։