Գինու համաշխարհային քաղաքակրթության կենտրոնում ընթրիքի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իրենց տրվել է եզակի հնարավորություն՝ ներկայացնելու հնագույն մշակույթ ունեցող երկիր Վրաստանը, որ ունի գինեգործության 8000-ամյա պատմություն։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Հաճախ ասում են, որ վրացիների երակներով արյան փոխարեն գինի է հոսում։ Պետք է նշեմ, որ վրացական մշակույթը համեմված է գինեգործության տարրերով։ Գինին հանդիպում է ամենուր՝ երաժշտության, պոեզիայի, որմնագործության, վրացական զարդանախշերի մեջ»,-հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին։
«Բացի այդ, սեղանը սոցիալական գոյակցության զուտ վրացական տեսակ է։ Այն կազմված է 4 գլխավոր բաղադրիչներից՝ կերակուր, գինի, երգ, կենաց։ Թամադան ցանկացած սեղանի գլուխն է։ Սեղանի շուրջ պահպանվում է կենացների խիստ հաջորդականություն։ Վրացիները սեղանի շուրջ կանոնները հաճախ ավելի լավ են պահպանում, քան ճանապարհային երթևեկության կանոնները։ Այդ իսկ պատճառով երբեմն ինձ թվում է, որ Վրաստանում ավելի լավ է թամադա լինել, քան վարչապետ»։
«Պետք է ասեմ, որ վրացիները գինի են խմում ոչ միայն այս կյանքում, այլև դրանից հետո. հնագիտական պեղումների արդյունքում հին գերեզմանոցներում հայտնաբերվել է գինու համար նախատեսված մեծաքանակ սպասք»,-ասել է նա՝ նշելով, որ իրենց կրոնին նվիրված լինելու պատճառներից մեկն այն է, որ գինին հանդիսանում է հաղորդության հիմնական բաղադրիչ։