Ախալքալաքում սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին վերջերս բարեկարգված Սուրբ Խաչ եկեղեցու բակում կազմակերպվել էր միջոցառում
փառաբանելու համար բռնցքամարտիկներ Օթար Երանոսյանի, Նաիրի Մելիքյանի և Արտյոմ Յորդանյանի մարզական հաջողությունները:
Մինչև միջոցառման մեկնարկը երեք բռնցքամարտիկները Ախալքալաքի երիտասարդության հետ միասին քաղաքի կենտրոնական փողոցներում մեքենաներով շրջագայություն կատարեցին: Այնուհետև նրանք կանգ առան Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որտեղ նրանց էին սպասում բնակիչները և պաշտոնատար անձինք:
Երեք մարզիկներն էլ այս տարվա ընթացքում զգալի հաջողություններ են ունեցել բռնցքամարտի ասպարեզում: Հիշեցնենք, որ Օթար Երանոսյանը գերմանական Համբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ 60 կգ քաշային կարգում:
Բաթումի քաղաքում անցկացված Միջազգային մարտարվեստի փառատոնում Նաիրի Մելիքյանը քիքբոքսինգի մարզաձևում նվաճեց իր առաջին չեմպիոնական գոտին: Արտյոմ Յորդանյանն էլ իր հերթին Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում նվաճեց չեմպիոնական գոտի:
Մարզիկների հասցեին հնչեցին երախտագիտության խոսքեր: Իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը մարզիկներին հանձնեց դրամական պարգևներ:
Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:
Միջոցառման ավարտին հյուրերի և բնակիչներին բաժանվեց մատաղ:
Գարուշ Արզումանյան