
Վրաստանը նոր ավտոմայրուղով կմիանա Թուրքիային, հայտնում է Գրուզիա Օնլայնը։
11.3 կիլոմետր երկարությամբ նոր ասֆալտբետոնե ճանապարհը կփոխարինի գոյություն ունեցող ափամերձ երթուղուն և կմիանա Բաթումիի շրջանցիկ ճանապարհին՝ Չորոխի գետի վրայով կառուցվող նոր կամրջի միջոցով։
Հիմնական հատվածը կլինի 7.6 կիլոմետրանոց թունել, որը շրջանցելու է բնակեցված տարածքները։
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը երեկ՝ օգոստոսի 22-ին, տեղեկություն է հրապարակել միջազգային մրցույթի մասին։ Այն վերաբերում է շինարարական վերահսկողությանը, որի մոտավոր արժեքը կազմում է 14 միլիոն դոլար։
Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերահսկողության ծառայությունները կմատուցվեն 48 ամսվա ընթացքում։ Հետաքրքրված ընկերությունները պետք է առաջարկները ներկայացնեն անգլերեն լեզվով՝ Ասիական զարգացման բանկի կայքի միջոցով, ոչ ուշ, քան 2025 թվականի սեպտեմբերի 22-ը։
11.3 կմ երկարությամբ նոր ճանապարհի նախագիծը ներառում է Գոնիո, Կվարիատի և Սարպի գյուղերի շրջանցիկ ճանապարհը։
Նախագծի նկարագրության մեջ նշված է, որ նախատեսված ճանապարհի ընդհանուր երկարությունը 11.4 կմ է։
Շինարարությունը ներառում է տրանսպորտային հանգույց, երեք կամրջային անցումներ և երկշերտ թունել։
Ճանապարհի վերջին հատվածում՝ Սարպի գյուղում, նախատեսվում են իրականացնել ճանապարհի լայնացման աշխատանքներ։
Ճանապարհի միջանցքը սկսվում է Ճորոխ գետի աջ ափից, որտեղ կկառուցվի հանգույց, որից հետո այն կշարունակվի Ճորոխի վրայով անցնող կամրջով։ Կամրջից հետո՝ Չարնալի գյուղի մոտ, կլինի 7.6 կմ երկարությամբ թունել, որն անցնելու է Չարնալի և Ախալսոփելի գյուղերի տարածքներով։
Թունելից հետո ճանապարհը կգնա Սարփիի ուղղությամբ և նոր կամրջի միջոցով կմիանա գործող E70 միջազգային ճանապարհին։ Այստեղ ճանապարհը կլայնացվի մինչև վրաց-թուրքական սահմանային անցակետը։