Որսորդությունը՝ բնակիչներին վնասելու գնով

Որսորդությունը՝ բնակիչներին վնասելու գնով

Օգոստոսի 23-ին Վրաստանում բացվել է չվող թռչունների որսաշրջանը և այն կտևի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետը հայտնի է իր լճերի առատությամբ, որոնք հանգրվան են հանդիսանում բազմաթիվ թռչունների համար։

Թռչուններին գրավում են հատկապես Մադաթափան և Գորելովկայի մոտ գտնվող Բուղդաշեն լիճը։

Այս երկու լճերի մոտ շատ որսորդներ են հաճախում` որս անելու նպատակով։

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Գորելովկայի բնակիչը դիմել է NOR ռադիոկայանին՝ լուսաբանելու իր խնդիրը։

Բնակիչի խոսքով՝ որսորդների հինգ խումբ շներով մտել են իրենց ցանքատարածք և վնասել.

«Մեր Գորելովկայում գալիս են որսորդներ, շներով մտնում են ցանքատարածքներ և բոլոր արտերը տրորում։ Ուզում ենք իմանալ՝ ում դիմենք և ինչ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ մարդիկ մեր արտերից հեռու մնան», – ասում է բնակիչը և խնդրում, որ հարցը լուսաբանվի։

Բնակիչը նշում է, որ որսը միգուցե հետաքրքրություն է որսորդների համար, սակայն արտերը գյուղացիների ապրուստի միջոցն են.

«Այսօրվա ընթացքում հինգ խումբ մարդկանց դուրս ենք հանել՝ գոռալով, կռվելով, խնդրելով։ Այդ մարդիկ եկել են Թբիլիսիից, որսորդություն են անում, մեր արտերը տրորում են։ Գարին ու վարսակը պահել ենք սերմացուի համար, իսկ իրենք ամբողջը քանդում ու ավերում են։ Գյուղացու աշխատանքն ու չարչարանքը գետնին են հավասարեցնում», – ասում է նա։

Մեր հարցին, թե արդյոք խնդրի վերաբերյալ դիմել են որևէ մեկին, բնակիչը պատասխանեց, որ զանգահարել են գյուղապետին.

«Գյուղապետին տեղեկացրինք, որ նման բան է կատարվում։ Նա ասաց, որ ոստիկանությունը տեղյակ է, բայց ամեն մարդ պետք է գնա իր արտին տերություն անի։ Մենք հո ամբողջ օրը չենք կարող մեր արտը հսկել, տանը գործեր ունենք», – նշեց բնակիչը։

Իսկ թե ինչ ընթացք կունենա այս խնդիրը` NOR ռադիոկայանը կլինի հետևողական և կներկայացնի հետագա նյութերում։