Փոկա գյուղի արոտավայրերը աղբանոցի են վերածվել

Փոկա գյուղի արոտավայրերը աղբանոցի են վերածվել

Վերջին տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում նկատելի է, որ Վրաստանի տարբեր շրջաններից գարնանը մեծ թվով եկվոր հովիվներ ոչխարների հոտերով գալիս են և օգտագործում մունիցիպալիտետի արոտավայրերը։ Այս երեւույթը, որը տարեցտարի աճում է, առաջացնում է լուրջ խնդիրներ՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից։

Փոկա գյուղի բնակիչները հայտնում են իրենց անհանգստությունը նշելով.

«Արդեն մի քանի տարի է, գարունը բացվելուն պես մեր գյուղի արոտավայրերը պարզապես վերածվել են աղբավայրի։ Եկվոր հովիվները ոչ միայն օգտագործում են մեր հողերը, այլև իրենց հետևից թողնում են մեծ քանակությամբ՝ պարկերով աղբ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր ու այլ կենցաղային թափոններ։ Սա ոչ միայն վնասում է բնությանը, այլ նաև ազդում է մեր ապրուստի վրա»։

Բնակիչը նաև նշեց, որ անձամբ իր վարսակի արտերի մեջ պարկերով լցված է եղել աղբ, իսկ տարածքով անցուդարձ են կատարել մեքենաներով։ Ինչպես նաև նշեց, որ ոստիկաններին է տվել մի քանի մեքենաների համարանիշներ որպեսզի զգուշացնեն։

Բնակչի կարծիքով, անհրաժեշտ է հատուկ տուգանքներ սահմանել եկվորների համար եթե նրանք աղտոտում կամ ոչ պատշաճ կերպով օգտագործում են բնակիչների տարածքները։

Տեսանյութ․

Նինոծմինդայի մունիցիպալիտետը Վրաստանի յուրահատուկ տարածաշրջաններից է, որը հայտնի է իր ալպիական բնությամբ, լեռնային գեղեցիկ լանդշաֆտներով և առատ ջրային ռեսուրսներով։ Շրջանի մաքուր օդը և անկրկնելի բնապատկերները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ինչպես Վրաստանից, այնպես էլ արտասահմանից։

Հարկ է նշել որ այս խնդրին նախկինում NOR ռադիոկայանը անդրադարձել էր ցույց տալով թե ինչ վիճակում է Նինոծմինդայի տարածքում գտնվող յայլաները։