Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտական փուլում է մանկական խաղահրապարակների կառուցումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտական փուլում է մանկական խաղահրապարակների կառուցումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում շարունակվում են երեխաների ժամանցի համար նախատեսված ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները։ Մի շարք գյուղերում մանկական խաղահրապարակների կառուցման և վերանորոգման գործընթացը մոտենում է ավարտին։

Սամեբա, Գորելովկա և Ջիգրաշեն գյուղերում արդեն կառուցվել են նոր խաղահրապարակներ՝ ապահովված ճոճանակներով, սահարաններով, նստարաններով և այլ խաղային ատրակցիոններով։

Բնակիչների խոսքով՝ նոր խաղահրապարակները դարձել են երեխաների համար զբաղմունքի նոր վայր, որտեղ նրանք հաճույքով են անցկացնում ժամանակը, հատկապես ամառային արձակուրդների ընթացքում։

Բացի նոր խաղահրապարակներից, բարեկարգվում են նաև այն խաղահրապարակները, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում։ Հին, վնասված սարքավորումները փոխարինվում են նորերով, իսկ տարածքը վերակազմավորվում է՝ ապահովելու համար երեխաների անվտանգությունն ու հարմարավետությունը։

Հարկ է նշել, որ ավելի վաղ քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ մանկական խաղահրապարակների, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար այս տարի կհայտարարվի մրցույթ և կայանալուն պես կսկսվեն վերանորոգման աշխատանքները։